Լաչինի միջանցքով փոխադրումների թափանցիկության ապահովման մի քանի եղանակ կա. Կլաար

Տոյվո Կլաար
Եվրամիության հատուկ ներկայացուցչի խոսքով` Լաչինի միջանցքով անցնող բեռների թափանցիկության հարցը պետք է քննարկվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իրավաչափ է համարում Լաչինի միջանցքով տեղափոխվող բեռների թափանցիկության ապահովման գաղափարը: Այս մասին նա հայտարարել է ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում։
Միևնույն ժամանակ նա հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերն էլ պետք է իրենց ապահով զգան։
«Այդ ճանապարհով չպետք է լարվածությունն ավելացնող բեռներ տեղափոխվեն։ Միևնույն ժամանակ այդ թափանցիկությանը հասնելու ուղիներն ու միջոցները քննարկումների և բանակցությունների թեմա են»,– ասել է նա։
Հատկանշական է, որ դեռևս այս տարվա հունվարին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Ռուսաստանն առաջարկել է հնարավորություն տալ եռակողմ համաձայնագրով լիազորված ռուսական խաղաղապահ զորախմբին վերահսկել երթևեկությունը, ստուգել յուրաքանչյուր տրանսպորտային միջոց՝ արգելված, ոչ մարդասիրական ապրանքները բացառելու համար։ Փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հայկական կողմին առաջարկել է հայ-ադրբեջանական սահմանին հսկիչ անցակետեր տեղադրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» երկու կողմերում և Լաչինի ու Հայաստանի միջև։
Կլաարն ասել է, որ թափանցիկության հասնելու մի քանի եղանակ կա: Դրանցից մի քանիսն արդեն քննարկվել են։

«Օրինակ ՝ անցակետում լրացուցիչ տեխնիկա ունենալ, որպեսզի ռուսները կարողանան ավելի լավ վերահսկել երթևեկությունը տարածքում»,– նշել է նա։

Անդրադառնալով Լաչինի միջանցքում և Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի երկու կողմերում անցակետ (որը կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ) տեղադրելու գաղափարին` դիվանագետն ասել է, որ Հայաստանում կարծիք կա, թե Լաչինն ու Զանգեզուրը երկու առանձին խնդիրներ են։
«Լաչինի միջանցքն արտացոլված է 2020 թվականի նոյեմբերին ընդունված հայտարարության կետերից մեկում, միևնույն ժամանակ կա նաև Ադրբեջանի և Նախիջևանի կապի հարցը, որն արտացոլված է 2020 թվականի նոյեմբերին ընդունված հայտարարության մեկ այլ կետում։ Հայտարարության մեջ դրանք հիշատակվում են տարբեր կետերում, և մոտեցումը տարբեր է ։ Բայց ի վերջո այդ հարցը բանակցությունների և քննարկումների առարկա է», - նշել է Կլարը։
Նա հավելել է, որ այսօր ներկրվող բեռների մասին ինչպիսի փաստեր էլ որ լինեն, այդ բեռները հաստատ այն քանակի չեն, ինչ 2022 թվականի նոյեմբերից առաջ, դրա համար էլ ԵՄ-ն կարծում է, որ կողմերը պետք է վերադառնան այն իրավիճակին, որը կար մինչ ճանապարհի արգելափակումը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։