ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. ԳԴՀ–ի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ ի գիտություն է ընդունել «Հյուսիսային հոսքերում» տեղի ունեցած պայթյուններում ուկրաինական հետքի վերաբերյալ ԶԼՄ–ների հաղորդումները, սակայն չի պատրաստվում մեկնաբանել հիպոթետիկ ենթադրությունները։
«Միշտ հետաքրքիր է նման ուսումնասիրություններ (լրագրողների) ընթերցելը, և ես մեծ ուշադրությամբ եմ դրանք ի գիտություն ընդունել։ Սակայն մենք պետք է սպասենք և «ինչ կլիներ, եթե...»–ի նման հիպոթետիկ մեկնաբանություններ չանենք», – «Deutschlandfunk» ռադիոկայանի եթերում ասել է Պիստորիուսը` պատասխանելով այն հարցին, թե ինչ կարծիք ունի նա ԶԼՄ–ների այդ հրապարակումների վերաբերյալ։
Նա ընդգծել է, որ լրագրական հետաքննությունների ընթացքում արված ենթադրությունները չի մեկնաբանում։ Նախարարը հավելել է, որ անիմաստ է համարում նաև նման հրապարակումների հիման վրա մտորելը, թե հոդվածում արված հիպոթետիկ ենթադրությունները ինչ ազդեցություն կարող են ունենալ Ուկրաինային ուղղված գերմանական աջակցության վրա։
Նրա խոսքով` այսօր առավել կարևոր է այն, որ ՆԱՏՕ–ի երկրներն անում են հնարավոր ամեն բան, որպեսզի ավելի լավ պաշտպանեն ջրի տակ գտնվող իրենց կրիտիկական ենթակառուցվածքները։
Ավելի վաղ գերմանական «Die Zeit» թերթը հայտնել էր, որ քննիչները պարզել են այն նավը, որից դիվերսիա է իրականացվել «Հյուսիսային հոսքերի» վրա, հետքերը տանում են դեպի ուկրաինացիներին պատկանող մի ընկերություն։
Այդ հրապարակումից մի քանի ժամ առաջ ամերիկյան «New York Times» թերթը, ամերիկացի պաշտոնյաներին հղում անելով, գրել էր, որ հետախուզական նոր տվյալները հիմք են տալիս ենթադրելու, որ «Հյուսիսային հոսքերում» ահաբեկչություններն իրականացրել է մի ուկրաինամետ խմբավորում։
Նշենք, որ «Հյուսիսային հոսքի» աշխատանքը դադարեցվել է օգոստոսի վերջից՝ Արևմուտքի պատժամիջոցներով պայմանավորված՝ «Siemens» տուրբինների վերանորոգման խնդիրների պատճառով։
Սակայն գազատարը լցված էր վառելիքով։ 2021 թվականին ավարտին հասցված, սակայն այդպես էլ շահագործման չհանձնված «Հյուսիսային հոսք–2»–ը ևս արդեն լցված էր գազով։
ՌԴ գլխավոր դատախազությունը միջազգային ահաբեկչության վերաբերյալ քրեական գործի հարուցում է նախաձեռնել։