ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովն ասել է, որ Չեխիայում գողացված իր ձին, որի անունը Զազու է, առնվազն 10 մլն դոլար արժե։ Նա այդ մասին գրել է Telegram–յան ալիքում։
Երեկ լուր տարածվեց, որ անհայտ անձը չեխական Կրաբչիցե գյուղի ախոռից տոհմային ձի է գողացել, որը պատկանում է Կադիրովին, և որի արժեքը 18 հազար դոլար է։
«Խնդրում եմ չնվազեցնել իմ ձիու գինը։ ԶԼՄ–ները հայտարարել են, որ ձին 18 հազար դոլար արժե։ Ամենայն հավանականությամբ այս արհեստական գնիջեցումը կապված է պահպանման և խնամքի համար պատասխանատու որոշ ֆինանսական մեքենայությունների հետ, միայն թե մաքուր ցեղատեսակի Զազուն արժե առնվազն 10 մլն դոլար»,– գրել է Կադիրովը։
Նա նշել է, որ իր դեմ ուղղված պատժամիջոցների պատճառով Զազուն տուժել էր դեռ 2014 թվականին։
«Զտարյուն ձին իր վրա է վերցրել ժողովրդավարական Արևմուտքի նողկալի հարվածը»,– գրել է Չեչնիայի նախագահը։
Նա նշել է, որ պատահականությանը չի հավատում։
«Ցավալի է, որ տուժում է գեղեցիկ և ազնվացեղ կենդանին։ Անհանգստանում եմ, որ Զազուն կարող է վատ ձեռքերում հայտնվել»,– եզրափակել է նա։
Չեխիայի ոստիկանությունը հետաքննում է անգլիական ցեղատեսակի տոհմային ձիու գողության դեպքը։