ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մեկնել է Անկարա։ Տեղեկությունը հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Դեռ օդանավակայանում Աբդոլլահիանը լրագրողներին հայտնել է, որ իր ուղևորության նպատակը վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի կապակցությամբ Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին ցավակցություն հայտնելն է:
Նա նշել է, որ կայցելի երկրաշարժերից տուժած որոշ տարածքներ:
Իրանի արտգործնախարարը հավելել է նաև, որ բանակցություններ է ունենալու թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ վերջին միջազգային իրադարձությունների, ինչպես նաև Թեհրանի և Անկարայի միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ:
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել Թուրքիայի և Սիրիայի մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Գրանցվել է ավելի քան 4000 հետցնցում, երկրաշարժի զոհ է դարձել շուրջ 50 հազար մարդ։