Հայաստանը Հնդկաստանից MArG ինքնագնաց հաուբիցներ է պատվիրել. ԶԼՄ

Հաուբիցներ
Գործարքը կնքվել է այն բանից հետո, երբ հաստատվել է, որ այն համապատասխանում է հայկական բանակի կողմից սահմանված հրաձգության բոլոր չափանիշներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Հայաստանը «Kalyani Strategic Systems Limited» (KSSL) ընկերության կողմից մշակված MArG 155 մմ/39 ինքնագնաց հաուբիցների փորձարկումներ է անցկացրել՝ նախքան սպառազինությունը պատվիրելը։ Տեղեկությունը հայտնում է «Indian Defence Research Wing» պարբերականը։
Նյութում ասվում է, որ «Kalyani Strategic Systems Limited» ընկերությունը Marg 155/39 ինքնագնաց հաուբիցը մշակվել է 8 ամսում։ Այն արդեն փորձարկվել է հնդկական բանակի կողմից Բալասորում և Պոկրանում։
MArG 155մմ/ 39 ինքնագնաց հաուբիցը մոտ 40 օրվա ընթացքում կրկին փորձարկվել է Հայաստանի պաշտոնյաների ներկայությամբ։ Գործարքը կնքվել է այն բանից հետո, երբ հաստատվել է, որ այն համապատասխանում է հայկական բանակի կողմից սահմանված հրաձգության բոլոր չափանիշներին:
Հիշեցնենք` 2022 թվականի հուլիսին հնդկական ԶԼՄ-ները հայտնեցին, որ Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ռազմական մատակարարումների հարցը քննարկելու նպատակով այցելել է Նյու Դելի։
Ըստ «The Sentinel»-ի` հայ գործընկերները ներկայացրել են այն զենքերի ցանկը, որոնք ուզում են ձեռք բերել։ Պարբերականը չէր պարզաբանել, թե սպառազինության և ռազմական տեխնիկայի կոնկրետ որ տեսակներն են եղել ցուցակում, սակայն, որոշ տվյալների համաձայն, առանցքային տեղ են զբաղեցրել անօդաչու թռչող սարքերը:
Երևանը պաշտոնապես չհաստատեց այդ տեղեկությունը, բայց նաև չհերքեց։
Հոկտեմբերին կայացավ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Նյու Դելի: Այցը բավականին հագեցած էր։ Հոկտեմբերի 18-ին Պապիկյանը բանակցություններ վարեց հնդիկ գործընկերոջ հետ, ինչպես նաև մասնակցեց «Defexpo 2022» պաշտպանական խոշոր ցուցահանդեսին։ Նույն օրը «Pinaka» ՀԿՌՀ-ներն արտադրող հնդկական «Solara Group» ընկերության ղեկավարը հայտնեց, որ ընկերությունը պատվեր է ստացել Հայաստանից, և մատակարարումների մասին համաձայնագիր է կնքվել երկու տարով։ Արձակման կայանքների քանակը չբարձրաձայնվեց։
Եվս մեկ պայմանագրի մասին հայտնի դարձավ նոյեմբերի սկզբին։ Նշվում էր, որ Հնդկաստանը Հայաստանին սեփական արտադրության 155 միլիմետրանոց ATAGS հաուբիցներ կմատակարարի։ Ի սկզբանե դրանք արտադրվել են քարշակվող տարբերակով, սակայն նույն հնդկական ներքին աղբյուրների տեղեկություններով՝ Հայաստանը կստանա այդ զենքերի ինքնագնաց տարբերակները։ Հաղորդվում էր նաև, որ հրետանային սարքավորումների մատակարարման պայմանագիրը գնահատվում է 150 մլն դոլար, մատակարարումները կիրականացվեն երեք տարվա ընթացքում: