ԵՄ-ն չի մրցակցում Մոսկվայի հետ Հայաստան-Ադրբեջան հարաբերության կարգավորման հարցում. Կլաար

Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում. Արխիվային լուսանկար
ԵՄ հատուկ ներկայացուցիչը ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ իրենց համար երբեք չի եղել «բրյուսելյան գործընթաց մեկ այլ գործընթացի դեմ»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ԵՄ-ի համար աշխարհաքաղաքական խաղ չէ։ Այս մասին ասել է Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Ադրբեջանական APA-ին տված հարցազրույցում Կլաարը հայտարարել է, որ ԵՄ-ի միակ հետաքրքրությունը Հայաստանին և Ադրբեջանին հակամարտության ժառանգությունը հաղթահարելու գործում աջակցություն ցուցաբերելն է։
«Հարավային Կովկասը ԵՄ-ի հարևանն է, և խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումն այս տարածաշրջանում մեր հետաքրքրությունների մեջ է։ Ես ուրախ կլինեի, եթե Մոսկվայում էլ հասկանային` եթե մեր նպատակը նույնն է, ապա կարող ենք լրացնել միմյանց, ոչ թե դիտարկել որպես մրցակից։ Դա ԵՄ-ի հեռանկարների մեջ չի մտնում»,– ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
Նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ իրենց համար երբեք չի եղել «բրյուսելյան գործընթաց մեկ այլ գործընթացի դեմ» (նկատի ունի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ռուսական ջանքերը,– խմբ.)։
«Պարզ ասած` Բրյուսելը ցանկանում է աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղություն ձեռք բերելու հարցում։ Այդ իմաստով մենք երբեք չենք ցանկացել որևէ մրցակցային գործընթաց»,– ասել է Կլաարը։
Նա նաև հիշեցրել է Բրյուսելում կրկին հանդիպելու ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջարկի մասին։
«Մենք կարծում ենք, որ նրանց համար իրոք կարևոր է պարբերաբար հանդիպելը և աշխատել կարևոր հարցերի շուրջ, ինչը մենք տեսնում ենք Բրյուսելում։ Այս իմաստով նախագահ Միշելը շատ է ցանկանում, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները կրկին գան Բրյուսել։ Մի քանի շաբաթ առաջ նա Մյունխենում հանդիպել է նրանց հետ։ Ես Բաքվում եմ, նախորդ շաբաթ էլ Երևանում էի։ Այժմ մենք սպասում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները մոտ ժամանակներս կրկին կհանդիպեն Բրյուսելում»,– ասել է Կլաարը։
Նրա կարծիքով` և՛ Բաքուն, և՛ Երևանը հակամարտության լուծման ու վավերացման ներուժ ունեն, ԵՄ–ն էլ ցանկանում է աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի հասնի կայուն և ամուր խաղաղության։
Լաչինի միջանցքով փոխադրումների թափանցիկության ապահովման մի քանի եղանակ կա. Կլաար