ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են լրացուցիչ 2 մլրդ եվրոյի հատկացումը Խաղաղության եվրոպական միջկառավարական ֆոնդին, որից ֆինանսավորվում են Ուկրաինային հատկացվող ռազմական մատակարարումները: Այս մասին հայտնում է Եվրամիության խորհրդում Շվեդիայի նախագահությունը։
«Այսօր ԵՄ մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են լրացուցիչ երկու միլիարդ եվրոյի հատկացումը Խաղաղության եվրոպական ֆոնդի համար։ Այս որոշումը հստակ ազդանշան է ուղարկում Ուկրաինային և այլ գործընկերներին ռազմական աջակցություն ցուցաբերելու ԵՄ-ի մշտական հանձնառության մասին»,-ասված է Twitter-ում Շվեդիայի նախագահության հաղորդագրության մեջ:
Ռուսաստանն ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին ՝ Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են Ուկրաինայի հակամարտությանը՝ ոչ միայն զենքի մատակարարմամբ, այլև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքում կադրերի պատրաստմամբ։