Չինաստանը 200 հազար եվրո կհատկացնի Ուկրաինայում միջուկային անվտանգություն ապահովելու համար

Չինաստանը կշարունակի միջուկային անվտանգության ապահովմանն ուղղված «արդար և փոխշահավետ» համակարգի ձևավորման համար համաշխարհային հանրության հետ փոխգործակցելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Պեկինը 200 հազար եվրո կհատկացնի Ուկրաինայում միջուկային անվտանգության ապահովման համար։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով «Գուանչա» թերթին։
Դիվանագետի խոսքով` Չինաստանը միշտ մեծ ուշադրություն է հատկացրել միջուկային անվտանգությանը, ինչպես նաև ակտիվ մասնակցություն ունեցել այս հարցով միջազգային համագործակցության մեջ։
«Չինաստանը որոշել է ՄԱԳԱՏԷ–ի միջոցով 200 հազար եվրո հատկացնել Ուկրաինայում միջուկային անվտանգության ապահովմանն ուղղված նախագծերին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար», – ասել է նա` նշելով, որ Պեկինն աջակցում է գործակալության` ուկրաինական ատոմային օբյեկտների անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերին։
Մաո Նինն ընդգծել է, որ Չինաստանը կշարունակի փոխգործակցությունը համաշխարհային հանրության հետ` միջուկային անվտանգության ապահովմանն ուղղված «արդար և փոխշահավետ» համակարգ ձևավորելու համար։
Փորձում ենք առաջընթացի հասնել Զապորոժիեի ԱԷԿ–ի անվտանգության գոտու հարցում. Գրոսի
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին առաջարկել էր Զապորոժիեի ատոմակայանում միջուկային անվտանգության գոտի ստեղծել։ Նա նշել էր, որ մարտական գործողություններն ու աշխատանքի լարված պայմանները վտանգում են օբյեկտի միջուկային անվտանգությունը։ Գրոսիի խոսքով` ընթացիկ իրավիճակի վերաբերյալ ինքը բանակցում է Ռուսաստանի հետ։