Արցախում առավելագույն գներ են սահմանվել. կարգը խախտողները կտուգանվեն

Կառավարության կողմից սահմանված կարգը կիրառության մեջ կմտնի մարտի 9-ից։ Խիստ վերահսկողություն է սահմանվելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Այսուհետ Արցախում տնտեսվարողները պետք է հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովին ներկայացնեն այն ապրանքների ցանկը, որոնք նախատեսում են իրացնել։ Հանձնաժողովը կսահմանի դրանց համար շուկայում իրացման առավելագույն գին։ Ինչպես տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը, սահմանված գինը խախտելու դեպքում տնտեսվարողը կենթարկվի վարչական տույժի՝ 500․000-1․000․000 դրամի չափով։
«Գործընթացի նկատմամբ վերահսկողություն է իրականացվելու տեղական ինքնակառավարման մարմինների, վարչակազմերի ղեկավարների, Պետական եկամուտների կոմիտեի, Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի և Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից»,– նշված է հաղորդագրության մեջ։
Որոշումն ընդունվել է մարտի 7-ին։ Երկու օրերի ընթացքում նախատեսվում է տնտեսվարող սուբյեկտներին իրազեկելու գործընթացը, որից հետո Կառավարության կողմից սահմանված կարգը կիրառության մեջ կմտնի։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։