Արցախում սպանված ոստիկանների ճանապարհին ադրբեջանցիները քարեր են շարել. նոր մանրամասներ

Արցախում ադրբեջանական դիվերսիայի ենթարկված ոստիկանական մեքենան. Արխիվային լուսանկար
ՌԴ խաղաղապահներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել 2 ոստիկանի։ Նրանցից մեկը զոհվել է հիվանդանոցի ճանապարհին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Մարտի 5–ին ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից գնդակոծված ոստիկանական ավտոմեքենան ճանապարհին կանգ էր առել, քանի որ ճանապարհի երթևեկելի հատվածում շարված են եղել քարեր։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ-ը իր հրապարակած արտահերթ զեկույցում, որը վերաբերում է օրեր առաջ Արցախում տեղի ունեցած դեպքին։
Նա զեկույցում նշում է, որ այդ քարերի հետևից դուրս են եկել ադրբեջանական դիվերսիոն խմբի թվով 5 անդամներ՝ զինվորական հագուստով ու դիմակավորված։
«Մեքենայի վարորդը փորձել է հետ պտտել ավտոմեքենան, սակայն նույն պահին ադրբեջանական դիվերսիոն խմբի նշյալ 5 անդամները՝ դիմացից, ինչպես նաև ճանապարհի աջ և ձախ հատվածում դարանակալած դիվերսիոն խմբի ևս 10 անդամներ սկսել են կրակահերթեր արձակել ավտոմեքենայի ուղղությամբ։ Կրակահերթերը շարունակվել են մոտ 10 րոպե»,– ասված է զեկույցում։
Արցախի ՄԻՊ–ը նշում է նաև, որ հավաքագրված փաստերից հստակ երևում է, որ մեքենան շարժվում է Ստեփանակերտից, ուստի անհիմն և կեղծ են ադրբեջանական կողմի այն պնդումները, թե իբր մեքենայով հայկական կողմը ՀՀ–ից զենք-զինամթերք էր տեղափոխում Արցախ։ Իսկ Ստեփանակերտից մեկնող արցախցի ոստիկանների մեքենայում եղել են միայն ծառայողական փաստաթղթեր ու նրանց տաբելային զենքը։
«Մեքենայի արտաքին զննությունը հստակ ցույց է տալիս, որ մեքենայի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից արձակվել են հարյուրավոր գնդակներ։ Կրակը դադարելուց հետո ադրբեջանական դիվերսիոն խմբի 3 անդամներ մոտեցել են մեքենային, ենթադրաբար զննել մեքենան, հսկողական կրակոցներ արձակել մեքենայի վարորդի և վարորդի մոտ նստած ուղևորի ուղղությամբ։ Սակայն, ըստ փրկված ոստիկանի վկայության, ադրբեջանցիները մեքենայի հետնամասի սրահի դուռը չեն բացել՝ ենթադրաբար չնկատելով, որ հետնամասի սրահում ևս ուղևորներ կան»,– ասված է զեկույցում։
Ասվում է նաև, որ ահաբեկչական հարձակումից մոտ 30-40 րոպե հետո տեղ են ժամանել ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները։ Նրանց միջամտությունից հետո կրակը դադարեցվել է։
Հետո նրանք առաջին բուժօգնություն են ցուցաբերել 2 ոստիկանի, որոնցից մեկը զոհվել է հիվանդանոցի ճանապարհին։
Զեկույցը պատրաստվել է բաց և փակ տարբերակով` հայերեն և անգլերեն։ Այն ուղարկվել է միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան կառույցներին։
Հիշեցնենք, որ մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։
Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։