Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի մի քանի մասնակիցներ տուժել են ոստիկանության ուժերի գործողություններից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ խորհրդարանի մոտ հանրահավաք է սկսվել այն բանից հետո, երբ պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը: Հավաքվածները դեմ են այդ օրենքին, քանի որ, նրանց կարծիքով, այն խանգարում է Վրաստանի եվրաինտեգրմանը։
Բախումների ֆոնին պատգամավորներին խորհրդարանի շենքից տարհանել են ոստիկանության հսկողության ներքո։
Չնայած ընդդիմության պնդումներին, թե հանրահավաքը խաղաղ բնույթ է կրում, ներքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ ակցիան բռնի բնույթ է ստացել:
«Ուժայինները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել ակցիան ցրելու համար։ Տուժել են բողոքի ակցիայի մասնակիցները, լրագրողներն ու ոստիկանները», - ասված է հաղորդագրության մեջ։
Վրաստանի ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին ոստիկաններին և ցուցարարներին կոչ է արել դուրս չգալ օրենքի շրջանակից:
Նշվում է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որն այցով գտնվում է ԱՄՆ-ում, չեղարկել է նյույորքյան հանդիպումները և դիմել երկրի բնակչությանը: Նա աջակցություն է հայտնել ցուցարարներին՝ հայտարարելով, որ վետո կդնի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա։