«Քանոնով գծած ամրաններ». հայ գիտնականների գյուտը մրցանակի է արժանացել Քուվեյթում

Շինարարություն
Հայ գիտնականների հնարած ամրանների ֆիքսատորը թույլ է տալիս այն տեղադրել հենց նախատեսված ճիշտ մակարդակի վրա` բետոնի պաշտպանիչ շերտ ապահովելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդգես Գրիգորյանի հայտնագործությունը փետրվարի կեսերին Քուվեյթի գիտական ակումբի ցուցահանդեսում արծաթե մեդալ է ստացել:
Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի տեխնոլոգիայի և շինարարության կազմակերպման ամբիոնը ղեկավարող Գրիգորյանը, ցուցահանդեսին ներկայացված են եղել 183 գյուտեր և տեխնոլոգիաներ 43 երկրից։
Մրցանակները մրցանակակիրներին հանձնել են Գիտական ակումբի նախագահը և Քուվեյթի էմիրը։
Ասպիրանտ Աշոտ Մխիթարյանի խոսքով (որը Գրիգորյանին ուղեկցել է ցուցահանդեսում և օգնել է ներկայացնել աշխատանքը)` այսօր շինհրապարակներում ամրանները միշտ չէ, որ երկաթբետոնի մեջ անհրաժեշտ խորության վրա են տեղադրում։ Ամրանի տրամագծից կախված` բետոնի պաշտպանիչ շերտը դրա համար պետք է տարբեր լինի:
Դրա հաստությունը խախտելու դեպքում կարող են խնդիրներ առաջանալ. եթե բետոնը քիչ է, ամրանները օդից և խոնավությունից ժանգոտվում են, իսկ եթե շատ է, ամրանների կպչունությունը բետոնի հետ բավականաչափ ուժեղ չի լինում: Այդ պատճառով շատ կարեւոր է ամրանները շարել «քանոնով գծած» ուղիղ։ «Ինչը միշտ չէ, որ հեշտ է և մշտական վերստուգում է պահանջում»,– նշեց Մխիթարյանը։
«Քանոնով գծած ամրաններ». հայ գիտնականների գյուտը մրցանակի է արժանացել Քուվեյթում
Դրա համար գոյություն ունեն որոշակի տրամագծով ամրանների ֆիքսատորներ։ Սակայն ֆիքսատորը, որը ամրանների բոլոր ամենատարածված տրամագծերի «հավաքածուն» ունի (2-30մմ և ավելի) օգնում է շատ ավելի արագ լուծել խնդիրը։ Տեղադրելիս ամրանն ինքն իրեն ընկնում է իր տրամագծին համապատասխան ակոսի մեջ, և դրա վերևում բետոնի հենց այնպիսի շերտ է լինում, որը նախատեսված է շինարարական նորմերով։
«Մենք որոշեցինք ֆիքսատորները պատրաստել պլաստիկի թափոններից, ինչը զգալիորեն էժանացնում է դրանք և բնապահպանական խնդիրներ է լուծում»,-հավելեց նա:
Հայաստանի վաստակավոր շինարար Գրիգորյանի խոսքով` սխալ տեղադրման պատճառով ամրանների կոռոզիան կարող է ոչ միայն կրճատել շենքի «կյանքը», այլև ավելացնել ավերածությունները երկրաշարժերի ժամանակ։
«Դրա հետևանքները ես և իմ գործընկերները տեսել ենք 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո։ Այն ժամանակ ամրանների 10 տոկոսը ժանգոտած էր, երբեմն` ավելին: Դա նշանակում է, որ ժամանակին այն սխալ են դրել։ Մեր տեխնոլոգիան թույլ է տալիս լուծել այդ խնդիրը»,-հավելեց Գրիգորյանը։
Գյուտարարները նոր դետալը (որը փոքր է ու էժան, բայց կարող է բարձրացնել շենքերի երկարակեցությունը) ներկայացնում են իրենց գործընկերներին, ինչպես նաև մասնավոր բիզնեսի ներկայացուցիչներին։
Մի գլուխը լավ է, երկուսը՝ ավելի լավ. ինչ են ուզում աշխարհում փոխել հայ գիտնական եղբայրները
Նշենք, Գրիգորյանն իր ստացած մեդալը որոշել է նվիրել համալսարանին։