ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Մարտի 6-ին, ժամը 08։30-ից մինչ 21։30-ը Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Շենգավիթ, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ, Աջափնյակ վարչական շրջաններում, Գավառ, Աբովյան, Ծաղկաձոր, Հրազդան, Կապան, Ալավերդի, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներում, Լոռու մարզի Օձուն և Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղերում վնասվել են շինությունների տանիքներ, գովազդային վահանակներ և կոտրվել են ծառեր:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Քամին վնասներ է հասցրել Հայաստանի մի շարք բնակավայրերում
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Փրկարարներն իրականացրել են տանիքների վնասված կառուցատարրերի ամրացման, ապամոնտաժման, տարածքների սահմանազատման և ծառերի մասնատման աշխատանքներ։