ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ադրբեջանական դիվերսիայի մանրամասները ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը` նշելով, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:
«Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և մարտի 5-ին կատարված դիվերսիոն հարձակման դեպքի մանրամասները»,– ասված է հաղորդագրությունում:
Զրուցակիցները քննարկվել են նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ինչպես նաև սահմանազատման հետ կապված գործընթացների վերաբերյալ հարցեր:
Հիշեցնենք, որ մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։ Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։