ԼՂ-ի հետ երկխոսել ցանկացող Ադրբեջանը ահաբեկչություն է իրականացնում․ Փաշինյանը՝ Բոնոյին

Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին և նրա ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԼՂ-ում իրականացված դիվերսիոն հարձակման փաստի վրա: Տեղեկությունը հրապարակել է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանը մի կողմից հայտարարում է ԼՂ ներկայացուցիչների հետ երկխոսելու պատրաստակամության մասին, մյուս կողմից՝ իրականացնում ահաբեկչական գործողություններ, ինչի հետևանքով երեք օր առաջ զոհվել են ԼՂ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող, մեկը վիրավորվել է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Զրուցակիցներն անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին:
Վարչապետն ընդգծել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ որոշման՝ Ադրբեջանի կողմից անհապաղ կատարելու անհրաժեշտությունը:
Նշվում է, որ քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։ Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։
Ադրբեջանի զոհերը դեպքի վայրից դուրս են բերվել ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ. պետնախարար