ՌԱԴԻՈ

Կփոխվի՞ Թուրքիայի վերաբերմունքը ՀՀ–ի հանդեպ, եթե Էրդողանը չմնա նախագահ. Մելքոնյանի կարծիքը

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Թուրքիայում կայանալիք համապետական ընտրությունների մասին։ Թուրքագետը անդրադարձել է Էրդողանի հաղթանակի կամ պարտության դեպքում Հայաստանի հետ հարաբերությունների փոփոխությանը։
Sputnik
Թուրքիայում նախանշված նախագահական ընտրություններում Քեմալ Քըլըչդարօղլուի առաջադրումը որպես ընդդիմության միասնական թեկնածուի կլինի պարտության սկիզբը, որովհետև նա շատ հարթություններում զիջում է Էրդողանին` սկսած հռետորաբանությունից, վերջացրած փորձառությամբ ու ժողովրդականությամբ։ Այսպես է կարծում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա ասում է, որ Քըլըչդարօղլուն ամենահարմար մրցակիցն է Էրդողանի համար։
Նշենք, որ Թուրքիայի վեց ազդեցիկ ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Ժողովրդական դաշինքը» մայիսի 14-ին կայանալիք համընդհանուր ընտրություններում Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին հայտարարել է միասնական թեկնածու: «Վեցի սեղանը» (ինչպես փորձագետներն ու լրագրողներն են անվանում ընդդիմադիր դաշինքը) նիստեր անցկացնում էր 2022 թվականի փետրվարից Քըլըչդարօղլուի նախաձեռնությամբ։
«Գալիք ընտրական փուլը կարելի է համարել Էրդողանի պաշտոնավարման շատ կարևոր, ամփոփիչ մի ժամանակահատված, ընդ որում`ամփոփիչ այն իմաստով, որ ամրագրվելու է էրդողանական Թուրքիայի գոյությունը, և այդ տեսանկյունից` ընտրություններն Էրդողանի համար իշխանությունն ամրապնդելու առումով շատ խորհրդանշական են»,– ասաց Մելքոնյանը։
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժն իհարկե բավական լուրջ հարված էր, բայցևայնպես, թուրքագետի խոսքով, Էրդողանը համարվում է շատ հաջող ճգնաժամային–մենեջեր և բարդագույն իրավիճակներում չի կորցնում քաղաքական ինքնատիրապետումը։ Երկրաշարժի առաջին իսկ օրերից Էրդողանը ցույց տվեց, որ պատրաստվում է դիմադրել այդ հարվածին։
Ըստ Մելքոնյանի` այս պահի դրությամբ նրան հաջողվել է դա, քանի որ պրոֆեսիոնալ թիմի հետ փորձում է կոմպենսացնել երկրաշարժի նյութական ու քաղաքական հետևանքները։
«Էրդողանի իշխանության ամրապնդման պատճառներից մեկն էլ ընդդիմության բավական թույլ պահվածքն է, ինչը կարելի է բնութագրել նույնիսկ անտաղանդ որակումով, քանի որ երկրաշարժից հետո ընդդիմությունը փորձեց իրավիճակն օգտագործել ի շահ իրեն, սակայն հանդես եկավ շատ ծեծված, կանխատեսելի մեթոդներով և Էրդողանին հակագրոհելու հնարավորություն տվեց։ Հիմա Էրդողանն այնպիսի կրիտիկական վիճակում չէ, որ կորցնի իշխանությունը»,–նշեց մեր զրուցակիցը։
Քըլըչդարօղլուին Թուրքիայի նախագահի թեկնածու առաջադրելով` շահում է Էրդողանը. ԶԼՄ
Մյուս կողմից էլ թուրքական ընդդիմության ներսում պառակտման հեռանկարը բավական իրատեսական է։ Իշխանությունն իր հերթին օգտագործելու է հայտնի մեթոդը` բաժանիր, որ տիրես, ուստի ձգտելու է ավելի խորացնել ընդդիմության ներսում առկա անջրպետները։ Հետևաբար, Մելքոնյանի կարծիքով, Էրդողանի քաղաքական մահվան մասին խոսակցությունները խիստ չափազանցված են։ Եթե անկանխատեսելի երևույթներ չլինեն, ապա նախագահական ընտրություններում Էրդողանն ամրագրելու է խորհրդանշական և շատ կարևոր ևս մեկ հաղթանակ։
Մելքոնյանի գնահատմամբ` նույնիսկ Արևմուտքը, որը նախկինում ուներ որոշակի ազդեցություն Թուրքիայում, հիմա լծակներ չունի, և Թուրքիան այլևս Արևմուտքի կրտսեր դաշնակիցը, կրտսեր եղբայրը չէ։ Թուրքական հասարակությունն էլ համարժեք արձագանքում է, ինչն իր հերթին Էրդողանն օգտագործում է` ցույց տալով, որ ընդդիմությունն աջակցություն է ստանում ոչ թե թուրք ժողովրդից, այլ Արևմուտքից, ինչը հավելյալ նպաստավոր պայման է ստեղծելու Էրդողանի հաղթանակի համար։
Իսկ ինչպես կանդրադառնան ընտրությունները Հայաստանի հետ հարաբերությունների վրա. Մելքոնյանն ընդգծում է, որ մեզանում կա պատկերացում` եթե Էրդողանի փոխարեն ընտրվի այլ մարդ, ապա Հայաստանի հանդեպ քաղաքականությունը կփոխվի, մինչդեռ դա սխալ մոտեցում է։
«Թուրքիա պետությունն է իր բնույթով հակահայկական, և անկախ այն հանգամանքից` նախագահի աթոռը կզբաղեցնի Էրդողանը, թե մեկ այլ գործիչ, Հայաստանի նկատմամբ էական մոտեցումները չեն փոխվելու»,– նշեց թուրքագետը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 1-ին հաստատել էր, որ երկրում համընդհանուր ընտրությունները նախատեսվում են մայիսի 14-ին։ Էրդողանն ինքը առաջադրվելու է երկրորդ ժամկետի համար։