ՀՀ իշխանությունների` արաբական աշխարհին ուղղված ուղերձը պետք է լինի հստակ և ամրագրի այն իրողությունը, որ մերձավորարևելյան տարածաշրջանը Հայաստանի համար ունի քաղաքական, տնտեսական առաջնահերթություն` խարսխված պատմամշակութային ավանդական կապերի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց միջազգայնագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոռ Գևորգյանը` անդրադառնալով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի` Եգիպտոս կատարելիք այցին։
ՀՀ ԱԳՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Միրզոյանը մարտի 7-9-ը աշխատանքային այցով կգտնվի Կահիրեում՝ մասնակցելու Արաբական երկրների լիգայի՝ նախարարական մակարդակով խորհրդի նիստին։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև հանդիպումներ՝ ներառյալ Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ։
«Եգիպտոսը Հարավային Կովկասի առնչությամբ ունի հետաքրքրություններ, որոնք կարող են համընկնել Հայաստանի գերակա շահերի հետ, հետևաբար տվյալ արաբական երկիրը մեզ համար ունի կարևոր նշանակություն, և մենք պետք է վերանայենք նրա հետ նախկինում ունեցած հարաբերությունները։ Եգիպտոսն ունի զարգանալու մեծ ներուժ և պատահական չէ, որ արդեն իսկ գրանցել է առաջընթաց ենթակառուցվածքների բնագավառում և տարբեր ոլորտներում»,– ասաց Գևորգյանը։
Նրա խոսքով` Հայաստանը մերձավորարևելյան, անդրկովկասյան տարածաշրջանի բաղկացուցիչ մասն է, հետևաբար այստեղ տեղի ունեցող իրադարձությունները ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում են մեր արտաքին քաղաքական գերակայությունների հետ, և որքան Հայաստանը կարողանա արդյունավետ հարաբերություններ կերտել տարածաշրջանային խոշոր պետությունների հետ, որոնք ցուցաբերում են հայանպաստ դիրքորոշում, ապա քաղաքական առումով կստանա մեծ դիվիդենտներ։
«Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ արաբական երկրների դիրքորոշումները նոր չեն, սակայն այդ հիմնահարցը ոչ մի կերպ խոչընդոտ չի հանդիսացել, որպեսզի Հայաստանն արաբական աշխարհում իր ներկայությունն օգտագործի ի նպաստ սեփական շահերի, մանավանդ որ հայկական ակտիվ գաղթօջախներն իրենց հերթին նպաստել են հարաբերությունների զարգացմանը»,–նշեց միջազգայնագետը։
Գևորգյանի դիտարկմամբ` Եգիպտոսն Արաբական երկրների լիգայի ծանրաքաշ խաղացողներից է` չնայած, որ կան նրան հակակշիռ պետություններ, որոնց համար նույն արցախյան հիմնախնդրի կարգավորումն օրակարգային նշանակություն չունի, հետևաբար ՀՀ իշխանությունն առաջնահերթ պետք է աշխատի արաբական այն երկրների հետ, որոնք աչքի են ընկնում կառուցողական մոտեցումներով և ՀՀ–ի հետ ավանդական կապերի խթանման ջատագովն են։
«Ցավոք, արաբական աշխարհը միատարր չէ, բայցևայնպես անհրաժեշտ է հարաբերվել նաև այն պետությունների հետ, որոնք սովորաբար ակտիվ հայամետ մոտեցումներ չեն դրսևորել։ Այստեղ չափազանց մեծ աշխատանք ունի հատկապես մեր դիվանագիտական կորպուսը, որպեսզի խնդրահարույց հարցերում կարողանա փոխել վերաբերմունքը ՀՀ–ի և արցախյան հիմնախնդրի նկատմամբ»,– ընդգծեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք` Արաբական երկրների լիգան ստեղծվել է 1945 թվականի մարտի 22-ին Կահիրեում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ, որին մասնակցում էին Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Եմենը։ Այժմ այն միավորում է 20-ից ավել արաբական երկրներ և դրանց բարեկամ պետություններ։ Հայաստանը 2004 թվականին Արաբական երկրների լիգայում ձեռք է բերել դիտորդի կարգավիճակ` ստորագրելով փոխհամաձայնության և համագործակցության մասին հուշագիր։