Երևանում կառավարության աշխատակիցների ավտոբուսն է վթարվել. կան տուժածներ

Հիվանդանոց. Արխիվային լուսանկար
Վթարի հետևանքով 11 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Ժամը 08:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյանի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Կառավարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ծառայողական ավտոբուսը տեղափոխում էր կառավարության աշխատակիցներին, կան տուժածներ, նրանք այս պահին բուժօգնության են ստանում։
Պարզվել է, որ բախվել են «Hyundai» մակնիշի ավտոբուսը և «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Հ․)․ ավտոբուսը բախվել է ճանապարհի արգելապատնեշին, կան տուժածներ։
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ Շ․ Ա․-ն (ծնված 1962 թ․) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, Ս․ Բ․-ն (ծնված 1956 թ․) և Գ․ Ն․-ն (ծնված 1969 թ․)՝ «Էրեբունի» ԲԿ և ևս 8 հոգի՝ «Արմենիա» ՀԲԿ։