Երևանում 4 ՔԿՀ կփակվի, 1–ը կբացվի. վարչապետն այցելել է ԱՆ քրեակատարողական ծառայություն

Վարչապետին ներկայացվել է նաև 2022թ. անազատության մեջ գտնված անձանց վերաբերյալ վիճակագրական տվյալները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Ընթացքի մեջ են նոր ՔԿՀ-ի կառուցման մրցույթի կազմակերպման աշխատանքները, որի կառուցման արդյունքում նախատեսվում է փակել Երևանում գործող 4 քրեակատարողական հիմնարկ։ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության 2022 թվականի կատարողականի զեկույցի ժամանակ այս մասին ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«2022 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում կատարվել են երկու անգամ ավելի մեծ ծավալի շինբարեկարգման աշխատանքներ, քան նախորդ հինգ տարիները միասին վերցված։ Ըստ այդմ՝ 2017-2021թթ. իրականացվել է 545 մլն 613 հազար դրամի, իսկ 2022-ին՝ 1 մլրդ 289 մլն 959 հազար դրամի աշխատանք: Ներկայացվել են նաև ՔԿՀ շենքային պայմանների բարելավման առաջիկա ծրագրերը. նախատեսվում է, որ դրանց ծավալը կհասնի 2 մլրդ 52 մլն դրամի»,–նշված է զեկույցում:
Վարչապետն այցելել է ԱՆ քրեակատարողական ծառայություն
Ներկայացվելէ, որ օտարերկրյա քաղաքացիներին պետական միջոցների հաշվին թարգմանչական ծառայություններ մատուցելու առաջին անգամ կիրառված ծրագրով 2022թ. կատարվել է 304 թարգմանություն (ՔԿՀ-ներում անազատության մեջ ամսական պահվում է մոտ 125 օտարերկրյա քաղաքացի):
Վարչապետին ներկայացվել է նաև 2022թ. անազատության մեջ գտնված անձանց վերաբերյալ վիճակագրական տվյալները:
«ՔԿՀ-ներում ընդհանուր առմամբ պահվում է 2265 դատապարտված և կալանավորված անձ: Հանրապետության ՔԿՀ-ները նախատեսված են 4491 անձի համար, այսինքն`բեռնվածության հետ կապված խնդիրներ ներկայումս չկան»,–ասել են վարչապետին։
Փաշինյանին զեկուցվել է, որ աշխատանքներ են տարվում ներդնել այնպիսի բջջային ցանցի ճնշման համակարգ, որը կբացառի ՔԿՀ-ներում անազատության մեջ գտնվող անձանց հասանելիությունը բջջային և ինտերնետ ցանցին:
Նիկոլ Փաշինյաննիր ամփոփիչ խոսքում կարևորել է քրեակատարողական հիմնարկներում իրականացվող բարեփոխումները` ընդգծելով, որ բոլոր բարեփոխումների իմաստը և նպատակը պատժի կրման հստակ ստանդարտ սահմանելն է: