«Անտեսանելի ձեռքը» կարծես ձգձգում և սրում է հակամարտությունն Ուկրաինայում. Չինաստանի ԱԳՆ

Ցին Գանը. Արխիվային լուսանկար
Չինաստանի արտգործնախարարը հույս ունի, որ Եվրոպան գործնականում կյանքի կկոչի ռազմավարական անկախությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ բանակցություններին աջակցելու ջանքերն անդադար ձախողվում են, տպավորություն է ստեղծվում` կարծես «անտեսանելի ձեռքը» նպաստում է հակամարտության ձգձգմանը և բորբոքմանը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Ցին Գանը։
ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն մասնակցում են Ուկրաինայի հակամարտությանը. Հունգարիայի խորհրդարանի խոսնակ
«Մի քանի օր առաջ մենք հրապարակեցինք ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ Չինաստանի դիրքորոշման մասին փաստաթուղթը, առաջ քաշելով 12 առաջարկ, այդ թվում` բոլոր երկրների ինքնիշխանությունը հարգելու, սառը պատերազմի մտածողությունից հրաժարվելու, հրադադարի և պատերազմը դադարեցնելու, ինչպես նաև խաղաղ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Առաջարկների էությունը հաշտեցմանն ու խաղաղ բանակցությունների առաջմղմանն աջակցելն է», – հայտարարել է Ցին Գանը։
Նա նշել է, որ, կարծես, ինչ–որ «անտեսանելի ձեռք» ուկրաինական ճգնաժամն օգտագործում է սեփական աշխարհաքաղաքական մտահղացումներն իրագործելու համար։
Միևնույն ժամանակ ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ ԵՄ–ն դասեր կքաղի ուկրաինական ճգնաժամից։ «Հույս ունենք, որ Ուկրաինայի պատերազմի դժվարություններն ապրելով, Եվրոպան գործնականում կիրականացնի ռազմավարական անկախությունը, երկարատև խաղաղության և կայունության կհասնի», – ասել է նա։
Ըստ դիվանագետի` անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, Չինաստանը ԵՄ–ին մշտապես համարելու է իր բազմակողմանի ռազմավարական գործընկերը։