ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր մերձարևելյան շրջագայության շրջանակում այսօր չհայտարարված այցով Իրաք է մեկնել։
«Բաղդադ եմ ժամանել։ Այստեղ եմ` հաստատելու համար ԱՄՆ–ի և Իրաքի միջև ռազմավարական գործընկերությունը, երբ մենք շարժվում ենք դեպի ավելի ապահով, կայուն և ինքնիշխան Իրաք», – Twitter–ում գրել է Օսթինը։
Օսթինի իրաքյան այցի մասին Պենտագոնը պաշտոնապես չէր հայտնել։ ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջագայում է Մերձավոր Արևելքի երկրներով. դեռ երկուշաբթի նա Հորդանանում էր, նախատեսում է այցելել նաև Եգիպտոս և Իսրայել։
Shafaq News տեղեկատվական կայքը, հղում անելով Իրաքի կառավարական կառույցներին, գրում է, որ Բաղդադում Օսթինի և Իրաքի վարչապետ Մուհամմեդ աս–Սուդանիի միջև բանակցություններ են նախատեսված, որոնցից հետո նա մտադիր է այցելել քրդական ինքնավարության մայրաքաղաք` Էրբիլ քաղաք, որտեղ հանդիպելու է Իրաքյան Քրդստանի ղեկավարության հետ։