Ադրբեջանի փորձերն անընդունելի են. Միրզոյանը` Արաբական պետությունների լիգայի ղեկավարին

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Կահիրեում, հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ ու նրան ներկայացրել Ադրբեջանի ագրեսիաների հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև 2022թ․ դեկտեմբերից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի մանրամասները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` զրուցակիցները խոսել են նաև հայ և արաբ ժողովուրդների հարաբերությունների մասին, որոնք հիմնված են դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա՝ այս համատեքստում նշելով նաև արաբական երկրներում հայ համայնքների դերը:
«Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ Արաբական աշխարհի երկրներում հայկական ներկայությունը քրիստոնյա և մուսուլման ժողովուրդների համակեցության լավագույն օրինակն է: Այս առնչությամբ նախարար Միրզոյանն անընդունելի է համարել Ադրբեջանի՝ տարբեր հարթակներում կրոնական գործոնն արհեստականորեն շահարկելու, արաբական աշխարհի երկրների հետ ՀՀ փոխգործակցության ավանդական հիմքերը խաթարելու անհիմն փորձերը»,– տեղեկացնում է ԱԳՆ–ն:
Կարևորվել է պարբերական կապերն ու քաղաքական երկխոսությունը Արաբական պետությունների լիգայի հարթակում և անդամ երկրների հետ:
ՀՀ շահերը և Եգիպտոսի հետաքրքրությունները. ի՞նչ ուղերձ պիտի հղի Միրզոյանը արաբական աշխարհին