ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Իսրայելը Հարավային Կովկասում իր ներգրավվածությունն ավելացնում է ոչ թե այն պատճառով, որ Հայաստանին չի սիրում կամ մեծ սեր ունի Ադրբեջանի նկատմամբ, այլ որովհետև լարվածության կետեր է ձևավորում իր համար սպառնալիքի հիմնական աղբյուրի՝ Իրանի շուրջը, և այդ տրամաբանության մեջ էլ առաջ է մղում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու գաղափարը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց արևելագետ Սերգեյ Մելքոնյանը։
Փորձագետը կարծում է, որ հենց իսրայելական գործոնն է Հարավային Կովկասի ռազմական հավասարակշռությունը փոխել հօգուտ Ադրբեջանի։ Նաև իսրայելական ռազմարդյունաբերական համալիրի շնորհիվ էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Բաքուն առավելություն ստացավ երկնքում։ Ըստ Մելքոնյանի` Իսրայելն ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված է եղել ադրբեջանական զորքերի պատրաստման գործում։ Սակայն այս ամենը պայմանավորված է ոչ թե Հայաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքով կամ Ադրբեջանի հետ բարեկամությամբ, այլ իրանական գործոնով։
«Բնական է, որ Իսրայելն առաջին հերթին իր նպատակներն է հետապնդում, ճիշտ այնպես, ինչպես ցանկացած արտատարածաշրջանային խաղացող։ Իսրայելը լարվածության կետեր է ձևավորում Իրանի շուրջը, որը Թել Ավիվի համար սպառնալիքի հիմնական աղբյուրն է»,- ասաց արևելագետը։
Մելքոնյանի խոսքով` Իսրայելը ռազմական և տեխնոլոգիական առումով զինում է Ադրբեջանին, առաջ է տանում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման քաղաքականությունը` նպատակ ունենալով տնտեսական և քաղաքական շրջափակման միջոցով չեզոքացնել Իրանի սպառնալիքը:
Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հարավային մասում, որը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել և սահմանակից է Իրանին, ադրբեջանա-իսրայելական տեխնոլոգիական քաղաք է ստեղծվում: Մելքոնյանը չի բացառում Իրանի և Իսրայելի միջև էսկալացիան, բայց ոչ թե Հայաստանի տարածքում, այլ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղում, Կովսականում և այլն։
Մելքոնյանի կարծիքով` Հայաստանը բաց է թողել այն պահը, երբ կարող էր կամուրջ դառնալ Իսրայել–Իրան հարաբերությունների կարգավորման համար։ Սակայն փորձագետը վստահ է, որ հայկական կողմը կարող է Իսրայելին համագործակցության այնպիսի ձևաչափ առաջարկել, որը չի վնասի Իրանին և կզսպի Ադրբեջանին։ Միևնույն ժամանակ Մելքոնյանը համոզված է, որ հայկական իշխանությունները չպետք է հետ կանգնեն ազգային շահերից և համաձայնեն «Զանգեզուրի միջանցքի» տրամադրմանը, քանի որ դա ոչ միայն կարժեզրկի երկիրը, այլև կարող է վնաս հասցնել իրանա-հայկական հարաբերություններին:
«Եթե Հայաստանը չհրաժարվեր իր ազգային շահերից՝ ցեղասպանության ճանաչում, Արցախի ճանաչում և այլն, ապա շատ երկրներ այստեղ ներդրումներ կկատարեին Թուրքիային զսպելու համար։ Դա կարող էին լինել, օրինակ, Սաուդյան Արաբիան, Իրանը, Հորդանանը և այլն: Բայց այսօր հաղորդակցությունների բացմանն ու իր իսկ մասնատմանը միտված Հայաստանում ոչ ոք ներդրումներ չի կատարի, քանի որ դա վնասով աշխատող ակտիվ է»,-ասաց արևելագետը:
Նրա համոզմամբ` Հայաստանը պետք է համարժեք արձագանքի իր շուրջը տեղի ունեցող իրադարձություններին և մի քանի կարևոր քայլեր ձեռնարկի` Իրանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնի Սյունիքում, Ռուսաստանի հետ՝ Տավուշում: Ի դեպ, նա հիշեցրեց, որ Ռուսաստանն առաջարկել էր զորավարժություններ անցկացնել դեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, սակայն Հայաստանը հրաժարվել էր։ Ավելին` Երևանը հրաժարվեց նաև ընթացիկ տարվա սկզբին ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն» զորավարժությունների անցկացումից, որպեսզի չանհանգստացնի Բաքվին և Անկարային։
«Հիմա նորաձև է խաղաղության մասին խոսելը, բայց մոռանում են, որ այդ խաղաղությունը հիմնվում է հայկական կողմի միակողմանի զիջումների վրա։ Դա տանում է կա՛մ պատերազմի, կա՛մ տոտալ ոչնչացման»,-նշեց նա։
Հիշեցնենք` Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար խոսում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը, նրանց կարծիքով, պետք է Ադրբեջանի հիմնական մասը Հայաստանի տարածքով կապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և արտատարածքային երթուղի դառնա։ Պաշտոնական Երևանն էլ հայտարարում է, որ ճանապարհները պետք է գտնվեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են։ Նույն դիրքորոշումն ունի նաև Մոսկվան։