«Թիմ» ընկերությունների խումբը ձեռք է բերել «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցը

Սեփականատիրոջ փոփոխությունից հետո հյուրանոցի անձնակազմի փոփոխություն չի նախատեսվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցի նոր սեփականատեր է դարձել «Թիմ» ընկերությունների խումբը։ Այս մասին հայտնել են իտալական «Ռենկո» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Անդրեա Դելլասանտան և «Թիմ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը։ Տեղեկությունը հայտնում է «Թիմ» ընկերությունների հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ամփոփելով նախորդ 25 տարվա հյուրանոցի գործունեությունը՝ Դելլասանտան նշել է, որ այն «Ռենկոյի» պատմության մեջ նշանակալի դեր ունի։

«1998-ին հյուրանոցը ձեռք բերելուց հետո մենք նախաձեռնեցինք դրա վերակառուցումը՝ պահպանելով այն նախնական տեսքը, որն ունեցել էր այս պատմական շենքը։ Այս գործարքով հյուրանոցի պատմության մեջ նոր էջ է բացվում»,– ասել է «Ռենկո» ընկերության ներկայացուցիչը։

Եսայանն էլ նշել է, որ «Երևան» հյուրանոցը 95 տարի եղել է մայրաքաղաքի խորհրդանիշը և այդպես էլ կմնա՝ շարունակելով ծառայել այն նպատակին, որի համար կառուցվել է։ Վստահեցրել է` անելու են ամեն ինչ հյուրերի երևանյան հանգիստը հիշարժան ու հաճելի դարձնելու համար։ Նա հավելել է նաև, որ սեփականատիրոջ փոփոխությունից հետո հյուրանոցի անձնակազմի փոփոխություն չի նախատեսվում։
Հաղորդագրությունում ասված է, որ 2 ընկերության միջև գործարքն իրականացվել է Ակբա բանկի ֆինանսավորմամբ։
«Հանճարանոց» ու Թեմուրնոց. ինչն էր հին Երևանում մեկտեղում «ցեխավիկներին» և մտավորականներին
«Թիմ» ընկերությունների խմբին են պատկանում նորարարական, ինժեներական ու տեխնոլոգիական լուծումներ առաջարկող Team Telecom Armenia, Team Systems, Team Solutions, TeamPay ընկերությունները, ինչպես նաև Buy.am առցանց մոլը։
2004 թվականին «Երևան» հյուրանոցը դարձել է «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցային ցանցի անդամ, իսկ 2013-ից մինչև 2016 թվականը միացել նույն ընտանիքի «Ռոյալ Թուլիփ» բարձրակարգ հյուրանոցների ցանցին որպես 5-աստղանի հյուրանոց և վերանվանվել «Ռոյալ Թուլիփ Գրանդ հոթել Երևան»։ 2016 թվականից մինչ օրս հյուրանոցը մաս է կազմում Small Luxury Hotels of the World ցանցին և կոչվում «Գրանդ հոթել Երևան»։