Փաշինյանն Ադրբեջանի դիվերսիայի մասին խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
ՀՀ վարչապետն ու Բրիս Ռոքֆոն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր են քննարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին և նրա ուշադրությունը հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած դիվերսիոն հարձակման վրա։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
Փաշինյանն ընդգծել է, որ ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողություններն այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել, և հավելել, որ գրեթե երեք ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է Արցախի հայ բնակչության ահաբեկման գործողությունները՝ էթնիկ զտումներ իրականացնելու վերջնական նպատակով:

Երկուստեք կարևորվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ որոշման՝ Ադրբեջանի կողմից անհապաղ կատարելու անհրաժեշտությունը:
ԵՄ-ն ափսոսանք է հայտնել և կոչ արել հետաքննել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպը

Միաժամանակ վարչապետը նշել է, որ ստեղծված պայմաններում Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելը դառնում է կենսական անհրաժեշտություն:

Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:

Միաժամանակ ընդգծվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանը:
Հիշեցնենք` մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։
Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։