ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Մարտի 7-ին Ֆրանսիայում նախատեսված համազգային գործադուլի մեկ օրը երկրի համար կարժենա 1,5 միլիարդ եվրո: Այս հայտարարությունն արել է Ֆրանսիայի փոքր եւ միջին ձեռնարկությունների կոնֆեդերացիայի (CPME) գլխավոր քարտուղար Ժան-էդ դյու Մեսնիլը։
«Կենսաթոշակային բարեփոխման դեմ մեկօրյա գործադուլը, որը տեղի կունենա երեքշաբթի, Ֆրանսիայի վրա 1,5 միլիարդ եվրո կնստի», - ասել է նա RMC ռադիոկայանի եթերում:
Դեռ փետրվարին Ֆրանսիայի արհմիությունները մարտի 7-ը համազգային գործադուլի օր էին հայտարարել՝ կոչ անելով արգելափակել երկիրը, եթե կառավարությունը քննարկումից չհանի կենսաթոշակային բարեփոխումների նախագիծը:
Հիշեցնենք` հունվարի 10-ին Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը ներկայացրել է կառավարության մշակած կենսաթոշակային բարեփոխումների նախագիծը, որով նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակային տարիքը՝ 62–ից հասցնելով 64 տարեկանի։ Սակայն այդ բարձրացումը պետք է լինի աստիճանաբար, և գործընթացը կավարտվի 2030 թվականին։ Նոր ռեժիմը կկիրառվի 1961 թվականի սեպտեմբերից հետո ծնվածների համար։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2022 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ պատրաստվում է կենսաթոշակային բարեփոխումներ իրականացնել մինչև իր երկրորդ մանդատի ավարտը։
Բարեփոխումը բողոքի ալիք է բարձրացրել հասարակության շրջանում։ Մեկ ամսվա ընթացքում Ֆրանսիայում արդեն 5 համազգային ցույց է անցկացվել։