Լեհաստանը ԵՄ–ին հորդորել է պատժամիջոցներ կիրառել Բելառուսի նկատմամբ

Բելառուսի դրոշը
Խոսքը տնտեսական պատժամիջոցների մասին է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Լեհաստանի կառավարությունը համարում է, որ Բելառուսի իշխանությունների նկատմամբ պետք է նոր պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նախագահի պաշտոնի նախկին թեկնածուի` արտերկրում գտնվող Սվետլանա Տիխանովսկայայի և ընդդիմության այլ ներկայացուցիչների նկատմամբ հեռակա կայացրած դատավճռի համար։ Այս հայտարարությունն արել է Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղար Պյոտր Մյուլլերը, որի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ–ը։
«Վերջին ժամանակների ցուցադրական գործընթացներն ու տարբեր մարդկանց նկատմամբ դատավճիռները ցույց են տալիս, որ Բելառուսի դեպքում պետք է, ցավոք, հեռու գնացող գործողություններ ձեռնարկել, եթե խոսենք միջազգային պատժամիջոցների մասին»,– ասել է նա։
Մյուլլերի խոսքով`Լեհաստանը դիմել է Եվրախորհրդին, որպեսզի պատժամիջոցները, որոնք գործում են այսօր Ռուսաստանի նկատմամբ, տարածվեն նաև Բելառուսի վրա։
«Մենք խոսում ենք տնտեսական պատժամիջոցների մասին։ Կարծում ենք, որ Բելառուսի նկատմամբ նմանատիպ պատժամիջոցներ պետք է կիրառվեն, – պարզաբանել է նա և հավելել,– վարչապետ Մատեուշ Մորավեցկին եվրոպական խողովակներով կոչ է արել, որ պատժամիջոցների ցանկում ներառվեն բոլոր այն մարդիկ, որոնք ցուցադրական գործընթացների են մասնակցում Բելառուսի տարածքում` դատախազներ, դատավորներ և այլն»։
Մինսկի քաղաքային դատարանն այսօր Տիխանովսկայային հեռակա կարգով մեղավոր է ճանաչել նրան մեղսագրվող բոլոր հանցագործություններում և 15 տարվա ազատազրկման դատապարտել ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում պատժի կրմամբ։ Տիխանովսկայան մեղավոր է ճանաչվել պետական դավաճանության, պետական իշխանությունը զավթելու նպատակով դավադրություն իրականացնելու, ծայրահեղական խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, իշխանությունը զավթելու հանրային կոչերի մեջ։
Ուկրաինան ընդլայնում է ականապատ գոտին Բելառուսի և ՌԴ-ի հետ սահմանին