ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Նախորդ տարվա հունիսին կազմակերպած քննությունների համեմատությամբ ձմեռային քննաշրջանում արդյունքներն ավելի ցածր են եղել, ինչը սպասելի էր։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը` ամփոփելով 2023 թվականի բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին (ձմեռային) փուլը։
«Ցածր արդյունքների պատճառն այն է, որ երեխաների մեծ մասը դեռ չեն ավարտել ծրագրային դասընթացը, իսկ թեստերը կազմվել են ամբողջ ծրագրային նյութի հիման վրա»,–ասաց ԳԹԿ փոխտնօրենը։
Նա հայտնեց, որ միասնական քննությունները կազմակերպվել էին 29 քննական կենտրոններում, հայտագրվել էր 6856 դիմորդ, որոնք հանձնել են երկու միասնական քննություն։ Այսինքն` ԳԹԿ–ն ստացել է 10817 պատասխանների ձևաթուղթ։
ԳԹԿ–ի համար հաճելի անակնկալ է եղել հայոց պատմության միջին գնահատականը (14), կենսաբանությանը` (13.1) և աշխարհագրության գնահատականը (14.1): Այս տարի էլ որպես կանոն, Նասիբյանի խոսքով, անգլերենի քննության միջին գնահատականը եղել է բարձր` համեմատած հայոց լեզվի։
«Չնայած այս թվերին՝ դրական միավորի շեմը չեն հաղթահարել անգլերենից 480 դիմորդ, որը կազմում է 15.7 տոկոս, կենսաբանությունից` 14.3 տոկոս, քիմիայից՝ 37 տոկոս, ռուսաց լեզվից՝ 29.5 տոկոս և մաթեմատիկայից՝ 27.5 տոկոս։ Իսկ 18-20 միավորներ ստացել են հիմնականում կենսաբանությունից, հայոց պատմությունից և աշխարհագրությունից։ Ընդհանուր 10817 դիմորդ–քննությունից 2376–ը դրականի շեմը չեն հաղթահարել»,–ասաց Նասիբյանը։
Ձմեռային քննաշրջանում, հակառակ սպասումներին, բացակաները շատ չեն եղել` ընդամենը 226 բացակա 10817 քննություն–դիմորդից։ Բացականերից 50–ը եղել են Արցախից դիմորդներ, որոնք Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով պայմանավորված չեն կարողացել մասնակցել Գորիսում կազմակերպված միասնական քննություններին։
Ընդհանուր առմամբ քննություններից հեռացվել է 31 դիմորդ։ Հիմնական պատճառը եղել են հեռախոսով քննասենյակ մտնելը, երկու դիմորդ էլ քննությունների ընթացքում առողջական խնդիրների պատճառով ընդհատել է գրավոր աշխատանքը։
Հեռացման դեպքերին ավելի մանրամասն անդրադառնալով` Նասիբյանը նշեց, որ իրենք սեփական «մարտավարությունն» ունեն ստուգելու, թե դիմորդը պատրաստվում է որևէ տեղից արտագրել, թե` ոչ։ Օրինակ ամառը երկարաթև հագնված դիմորդը նրանց մոտ կասկած է հարուցում, իսկ ձմռան նստաշրջանում կասկածելի են եղել վերարկուներով նստած դիմորդները։
Այնուամենայնիվ այս քննաշրջանը, հոգեբանական տեսանկյունից, ըստ Նասիբյանի, դրական է անդրադարձել դիմորդների վրա, որոնք արդեն հոգեբանորեն պատրաստ են հունիսյան քննություններին։
«Ձմեռային քննաշրջանից ավելի շատ շահել է դիմորդը։ Բովանդակային առումներով նա զգաց, որ ինքը իր դպրոցում սովորական թեմատիկ աշխատանք չի գրում, մտավ քննասենյակի մթնոլորտի մեջ և անցավ այն քայլերը, ինչը պետք է անցներ հունիսին, այսինքն՝ միանգամից ճակատագրական չեղավ հունվարյան գնահատականը»,–նշեց ԳԹԿ ներկայացուցիչը։
Ամփոփելով Նասիբյանը նշեց, որ սպասում են` անցյալ տարվա հունիսի համեմատ այս տարվա հունիսին միջին գնահատականի և 18-20 ստացողների քանակը ավելի բարձր կլինի։