ԵՄ-ն ափսոսանք է հայտնել և կոչ արել հետաքննել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպը

Բրյուսելում կարծում են, որ բռնության դեպքերը կարող են վտանգել խաղաղ կարգավորման գործընթացը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Եվրամիությունը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական դիվերսիոն գործողությունները և կոչ արել հետաքննել միջադեպի հանգամանքները:
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մեկնաբանության մեջ ասվում է, որ Բրյուսելն ափսոսանք է հայտնում շփման գծում տեղի ունեցած բռնության դեպքի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ:
«Մարդկային կյանքեր խլած այս միջադեպի հանգամանքները պետք է մանրակրկիտ հետաքննվեն։ Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ կանխելու հետագա ցանկացած գործողություն, որը կարող է էլ ավելի խաթարել տարածաշրջանային կայունությունը և վտանգել խաղաղ գործընթացը», -նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։
Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։