ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Երևան թռիչքներ իրականացնող Armenia Airways նոր ավիափոխադրողը Սոչիի միջազգային օդանավակայանի ծրագրում կհայտնվի մինչև մարտի վերջ։ Այդ ուղղությամբ երթուղիների ցանցի ընդլայնումը թելադրում է ուղևորային բարձր պահանջարկը։ Այդ մասին հայտարարել է «Աերոդինամիկա» ընկերության ավիացիոն առևտրի գծով տնօրեն Ալեքսանդր Նիկոնովը։
«Աերոդինամիկայի» տվյալներով` այսօր Սոչիից Հայաստան թռիչքներն իրականացնում է 5 ավիաընկերություն` Azimuth, Red Wings, Rossiya, ինչպես նաև հայկական FlyOne Armenia–ն և Fly Arna–ն։
Ինչպես հայտնում է Նիկոնովը, նոր ավիաընկերության գործարկումը պայմանավորված է ուղևորների բարձր պահանջարկով։
«Սոչի–Երևան ուղղությունը մեր ուղևորների շրջանում շարունակում է մնալ ամենապահանջվածներից մեկը։ Նոր փոխադրողի հայտնվելը ևս մեկ անգամ ապացուցում է Ռուսաստանի և Հայաստանի միջև աճող պահանջարկն ու զբոսաշրջային ներուժը։ Սպասում ենք, որ Armenia Airways ավիափոխադրողը մինչև մարտի վերջ կմտնի ռուսաական շուկա»,– ՌԻԱ Նովոստիին ասել է Նիկոնովը։
Նա ընդգծել է, որ 2022 թվականին Սոչիի օդանավակայանը դեպի Երևան չվերթերով սպասարկել է ավելի քան 250 հազար ուղևորի։ Այս տարի ավիատոմսերի գների նվազելու շնորհիվ ուղևորների թիվը կարող է աճել մինչև 20 %։