Արցախը մերժել է ադրբեջանական կողմի առաջարկը. առաջիկայում նոր սադրանքները բացառված չեն

Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը
Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախն իր անկախության և ինքնորոշման իրավունքից չի շեղվելու, իսկ դա նշանակում է, որ առաջիկայում տարբեր զարգացումներ, են լինելու, որոնց պետք է դիմակայել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է, որ կամ Արցախն ընդունում է ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր: Այս մասին այսօր հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր կայացած Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստին։
Տեղեկությունը հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
«Մենք չենք ընդունել, չենք ընդունում և այսօր ուզում եմ նորից հայտարարել՝ այն միայն Անվտանգության խորհրդի որոշում չէ, այլ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում ունենալու ենք տարբեր զարգացումներ, իրավիճակներ, որոնց պետք է դիմակայենք»,– ասել է Արցախի նախագահը։
Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Արցախ պետք է ընտրի` կամ շարունակել պայքարը, կամ ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը։
«Եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել առաջարկները, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն: Բայց քանի որ մենք ընտրել ենք պայքարի ճանապարհը, խնդրում եմ առաջին հերթին հարգել մեր որոշումը և ամեն նման մի երևույթի չարձագանքել և ներքաղաքական որևէ ենթատեքստ չտալ»,- ասել է նախագահը:
Անդրադառնալով մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն գործողության հետևանքով ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների զոհվելու ողբերգական դեպքին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ առաջիկայում նման սադրանքները, ցավոք, բացառված չեն:
«Այն, որ մենք երկար ժամանակ պետք է պայքարենք և այդ պայքարի շրջանակներում լինելու են նման իրավիճակներ, պետք է դա գիտակցենք և կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք: Ես պետնախարարի հետ քննարկել եմ մեր խնդիրները և այսօր ուզում եմ Անվտանգության խորհրդի որոշումով հանձնարարենք Կառավարությանը՝ մշակել ծրագիր պարենային անվտանգության ու էներգետիկ անվտանգության ուղղություններով, որովհետև մենք բոլոր սցենարները պետք է հաշվարկենք»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Մոտենում են մեքենային, բացում դուռը և կրակում. Արցախի ՆԳՆ–ն հրապարակել է տեսանյութ
Անվտանգության խորհրդի նիստին օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակում, ընդունվել են օրակարգով նախատեսված մի շարք որոշումներ:
Հիշեցնենք` մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Արդյունքում` զոհվել է երեք ոստիկան, մեկը` վիրավորվել է։
Կլաարը նշել է, որ «վերադարձել է Բաքու» և ակնկալում է բովանդակային հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ` Մյունխենում հանդիպումներից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար։