ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Մարտի 5–ին Լեռնային Ղարաբաղի «Խայփալու» կոչվող տեղանքում Ադրբեջանի Հանրապետության զինվորականների կողմից Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինների աշխատակիցներով ավտոմեքենայի գնդակոծման հանգամանքով պայմանավորված՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական և հայկական կողմերի հետ։ Տեղեկությունը հայտնում ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ռուս խաղաղապահների ջանքերով ռազմական գործողությունները դադարեցվել են»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հայտնել էինք, որ մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։
Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։
Տեղեկացվում է նաև, որ Գորիս-Ստեփանակերտ երթուղով այսօր ապահովվել է մարդասիրական բեռներով ռուսական խաղաղապահ զորախմբի ավտոշարասյան անցումը։
Ռուս խաղաղապահներն անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով պահպանում են շարունակական փոխգործակցությունը Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետ։
Պարեկություն է իրականացվում երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունինի շրջաններում և Լաչինի միջանցքում։