ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Այսօր տեղի ունեցած ողբերգական միջադեպն ընդգծում է կայունության և խաղաղության հասնելու համար բանակցություններն առաջ մղելու հրատապությունը: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը` անդրադառնալով այսօր ադրբեջանական դիվերսիոն հարձակմանը։
Հիշեցնենք` այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Արդյունքում` զոհվել է երեք ոստիկան, մեկը` վիրավորվել է։
Կլաարը նշել է, որ «վերադարձել է Բաքու» և ակնկալում է բովանդակային հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ` Մյունխենում հանդիպումներից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար։
Նշենք, որ Տոյվո Կլաարը վերջին անգամ Երևան է այցելել փետրվարի 24-25–ին։ Այդ օրերին խաղաղության բանակցություններն առաջ մղելու թեմայով նա հանդիպումներ է ունեցել ՀՀ բարձրաստիճան ղեկավարության հետ։