Երևանում 21– ամյա երիտասարդը դանակահարել է իրեն հայհոյած անձին, վերջինս մահացել է

Շտապօգնությունը Երևանում. Արխիվային լուսանկար
Արնանման հետքերով հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է Երևան քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երեկ ժամը 20։03-ի սահմաններում, Երևան քաղաքի Խանջյան փողոցում գտնվող «Կոկտեյլ» հոսթելի դիմաց երկու տղամարդ վիճաբանել են, որոնցից մեկը դանակահարել է մյուսին։ Ավելի ուշ Երևան քաղաքի Կոմիտաս փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել և ձերբակալել սպանության փորձ կատարելու մեջ կասկածող 21-ամյա տղամարդը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է արնանման հետքերով հանցագործության գործիք դանակը»–ասված է հաղորդագրությունում։
Նախնական տվյալներով վեճի պատճառը եղել է տուժողի կողմից մյուսի հասցեին հնչեցված հայհոյանքը, ինչի պատճառով երիտասարդները պայմանավորվել են հանդիպել Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում։
Մարտի 5-ին, ժամը 02։45-ին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից հայտնել են, որ մարմնի բազմակի հատվածների կտրած-ծակած վերքերով տուժողը , վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։
Նախաքննության ընթացքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ: