ՌԴ խաղաղապահները մարդասիրական օգնության ևս մեկ շարասյուն են ուղեկցել Արցախ

Խաղաղապահ զորակազմը Մարտակերտի շրջանի անապահով և բազմազավակ ընտանիքներին մթերային փաթեթներ տրամադրելու մարդասիրական ակցիա է անցկացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ռուս խաղաղապահները մարդասիրական բեռով ավտոշարասյուն են ուղեկցել են Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Տեղեկությունը հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու ուղղությամբ:
30 դիտակետերում խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
«Անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։
Խաղաղապահները նաև մարդասիրական ակցիա են անցկացրել Մարտակերտի շրջանի անապահով և բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ տրամադրելու ուղղությամբ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։