ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Առողջապահության նախարարությունը հորդորում է ծնողներին կարմրուկի դեմ պատվաստել երեխաներին։ Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը։
Նշվում է, որ նախարարությունում կարմրուկով հիվանդների թվի ավելացմամբ պայմանավորված` քննարկվել է հակազդման միջոցառումների պլանը և բոլոր ուղղություններով անհրաժեշտ գործողություններն իրականացնելու հստակ հանձնարարականներ են տրվել:
«Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին ևս մեկ անգամ հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին»,-նշվում է հաղորդագրության մեջ:
ԱՆ-ն հիշեցնում է, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:
Նշենք, որ մարտի 4–ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 12 դեպք։
Հիշեցնենք, որ կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։