Միջազգային համակարգի թերացումների բացասական հետևանքները Հայաստանը զգացել է. ԱԳ փոխնախարար

Փոխնախարարն ընդգծել է, որ բազմակողմանիությունը և ՄԱԿ համակարգի մեխանիզմները շարունակում են հանդիսանալ առկա մարտահրավերները հաղթահարելու կարևոր գործիք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. 2020 թվականին և հաջորդիվ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային պատշաճ արձագանքելու հարցում միջազգային համակարգի թերացումների բացասական ազդեցությունն ու հետևանքները Հայաստանը զգացել է։ Այս մասին Նյու Դելիում «Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում պանելային քննարկմանն ասել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Փոխնախարարը հավելել է, որ չնայած դժվարություններին՝ Հայաստանը, միջազգային գործընկերների ներգրավածությամբ, Ադրբեջանի հետ կառուցողական դիրքերից բանակցում է հարաբերությունների կարգավորման շուրջ։
«Բազմակողմանիությունը և ՄԱԿ համակարգի մեխանիզմները շարունակում են հանդիսանալ առկա մարտահրավերները հաղթահարելու կարևոր գործիք»,– Սաֆարյանի խոսքերը մեջբերում է ԱԳՆ–ն։
Այս համատեքստում նա ներկաների ուշադրությանն է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարանի՝ որպես միջազգային արդարադատության ու միջազգային նորմերի պաշտպանության իրավական մեխանիզմի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հարցում Ադրբեջանի դեմ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման կյանքի կոչման հրամայականը:
Ինչ է որոշել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը

2023-ի փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանըորոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանըմիաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։

Սաֆարյանն ընդգծել է այդ մեխանիզմների արդյունավետ կիրառման հարցում բոլոր դերակատարների կողմից անհրաժեշտ ջանքերի ներդնման առաջնահերթությունը։
Նշվում է, որ պանելային քննարկման ժամանակ բանախոսները քննարկել են միջազգային անվտանգային համակարգի ու միջազգային նորմերի հարգման վրա հիմնված աշխարհակարգի առջև ծառացած մարտահրավերները։
Ընդգծվել է աշխարհի տարբեր անկյուններում շարունակվող հակամարտությունների կարգավորման հարցում միջազգային ու տարածաշրջանային մեխանիզմների արդյունավետ կիրառման կարևորությունը։
Հիշեցնենք` 2022-ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։