ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը(ՄԱԳԱՏԷ) պատրաստվում է Իրանի հետ համաձայնագիր կնքել, որը կօգնի վերակենդանացնել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը: Այս մասին, Tasnim-ի փոխանցմամբ, այսօր հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
Մարտի 3-ի երեկոյան Գրոսսին ժամանել է Թեհրան։ Նա բանակցությունների երկու փուլ է անցկացրել Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ։
«Լավ պայմանավորվածությունը, որին մենք պատրաստվում ենք հասնել, կօգնի վերականգնել ԳՀՀԾ-ն»,-նշել է Գրոսին Թեհրանում Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Գրոսին ընդգծել է, որ ՄԱԳԱՏԷ-ն որևէ պետության հրահանգով չի աշխատել և չի աշխատում, և որ Իրանի նկատմամբ բացարձակ թափանցիկ է գործում:
«Նման խոսակցությունները ծիծաղելի են»,-կարծում է նա։
Միաժամանակ Գրոսին նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ն իրանական կողմի հետ համակարգված երկխոսություն կվարի. աշխատանքը դեռ չի ավարտվել: Նա ընդգծել է ուղղակի բանակցությունների կարևորությունը` կապված Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների մասին տեղեկատվության արտահոսքի աճի հետ։
«Ամեն անգամ, երբ ես լսում եմ գաղտնի տեղեկատվության արտահոսքի մասին լուրերը (Իրանի միջուկային օբյեկտների մասին,– խմբ.), ես շատ եմ բարկանում և հիասթափվում։ Դա ցույց է տալիս ուղղակի բանակցությունների կարևորությունը (Թեհրանի հետ,– խմբ.)՝ ասեկոսեները կանխելու համար»,-ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին ատոմային Էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ երկխոսության վերականգնման հույս կա։