Կարմրուկը Հայաստան է «եկել» արտերկրից, թիրախում չպատվաստված անձինք են․ ԱՆ ներկայացուցիչ

Տվյալ իրավիճակում, Գրիգորյանի գնահատմամբ, երբ երկրում տեղական դեպքեր չկան, նույնիսկ մեկ դեպքը կարող է դիտարկվել համաճարակի բռնկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայաստանում կարմրուկի տեղական դեպքեր չեն լինում, վերջին վարակվածության դեպքերը «բերվել են»արտերկրից, վարակվել են չպատվաստված անձինք։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը։
Հայտնել ենք, որ մարտի 4–ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 12 դեպք։
«Հայաստանը 2007 թվականից համարվում է կարմրուկը հաղթահարած երկիր, այսինքն՝ ՀՀ-ում տեղական դեպքեր չեն գրանցվում մեր պատվաստումներում ընդգրկվածության բարձր ցուցանիշների շնորհիվ։ Սակայն այն 100 տոկոս չէ։ Երբ չպատվաստված անձը գնում է արտերկիր հանգստանալու կամ այլ նպատակով, վարակվում, գալիս է և այստեղ նաև տարածում չպատվաստված անձանց շրջանում»,-ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ լաբորատոր հաստատված կարմրուկի 12 դեպքերում էլ վարակված անձինք պատվաստված չեն եղել կարմրուկի դեմ։
Թե որ երկրից է համաճարակը ներկրվել ՀՀ, այս պահին պարզ չէ, սակայն Գրիգորյանը հայտնեց, որ աշխատանքներ են տարվում հիվանդության «ներկրման»երկիրը կամ երկրները պարզելու համար։
Նա նաև հայտնեց, որ այս պահին հիվանդությունը հիմնականում տարածված է երեխաների շրջանում, սակայն վարակվածների մեջ կան նաև մեծահասկաներ։ Թիրախում հիմնական չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք են։
Պատվաստեք երեխաներին կարմրուկի դեմ․ ԱՆ հորդորը ծնողներին
Տվյալ իրավիճակում, Գրիգորյանի գնահատմամբ, երբ երկրում տեղական դեպքեր չկան, նույնիսկ մեկ դեպքը կարող է դիտարկվել համաճարակի բռնում։
ԱՆ-ն հիշեցնում է, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:
Հիշեցնենք, որ կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։