ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալված առևտրականն ազատ է արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով։ Դեռևս քրեական հետապնդում որևէ անձի նկատմամբ չի հարուցվել։ Նախաքննությունը շարունակվում է»,– նշեց Գոռ Աբրահամյանը։
Երեկ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը և Արաբկիր վարչական շրջանի Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող մի քաղաքացի քաշքշել են միմյանց, ինչից հետո նրանց կանչել են ոստիկանություն՝ բացատրություն տալու: Պատգամավորից հաղորդում է ստացվել միջադեպի վերաբերյալ, նա ճանաչվել է տուժող, իսկ առևտրականը ձերբակալվել է։
Քրեական վարույթը նախաձեռնվել է քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` խուլիգանության համար։