ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. 2022 թվականին զորամասերում զինվորական հանցագործությունները նվազել են, սակայն ընդհանուր հանցագործությունների թիվն աճել է։ ՀՀ զինվորական դատախազության կողմից 2022 թվականի աշխատանքների ամփոփման ժամանակ այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
«Զինվորական հանցագործությունների թիվը նվազել է 450-ով, իսկ այլ՝ ընդհանուր բնույթի հանցագործություններն աճել են 74-ով»,-ներկայացրել է Էլիզբարյանը:
Ընդհանուր առմամբ 2022 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 4 հազար 570 դեպք (2021 թվականին՝ 6 հազար 195)։ Դեպքերը նվազել են 1625-ով:
«Դրանցից 2 հազար 874-ը եղել են պատահարներ և զանցանքներ, 1696-ը` հանցագործություններ, այդ թվում 1028-ը` զինվորական, 668-ը` այլ ընդհանուր բնույթի»,-հայտնել է զինդատախազը։
2021 թվականի համեմատ պատահարները նվազել են 1186 դեպքով, հանցագործությունները՝ 376-ով, նվազել է նաև ՀՀ զինված ուժերում և այլ զորքերի զորամասերում կոռուպցիոն հանցագործությունների թիվը՝ 98 դեպք (2021 թվականին 213 դեպք է եղել):
Էլիզբարյանը նշել է, որ Զինդատախազության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է պետությանը պատճառված 4 մլրդ 939 մլն 220 հազար 746 դրամի վնաս, որը ևս ավել է նախորդ տարվա համեմատությամբ (2021 թվականին՝ 2 մլրդ 701 մլն 344 հազար 766 դրամ)։ Վերականգնվել է 1 մլրդ 951 մլն 448 հազար 493 դրամի վնաս։
Նշվում է, որ ամփոփման ժամանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կարևորել է Գրիգոր Էլիզբարյանի՝ ինչպես զինվորական կրթական հաստատություններ, այնպես էլ զորամասեր այցերը, որոնց նպատակն է քննարկման ձևաչափով ցույց տալ թույլատրելի և անթույլատրելի վարքագծի սահմանը։
«Սա է ՀՀ զինվորական դատախազության հիմնական փիլիսոփայությունը. առաջնահերթ կանխել, իսկ չհաջողելու դեպքում՝ իրականացնել պատժողական գործողություններ»,- շեշտել է հանրապետության գլխավոր դատախազը:
ՊՆ նախարարը Սուրեն Պապիկյանն իր հերթին կարևորել է զինդատախազի հետ համագործակցության շրջանակներում կանխարգելիչ քայլեր կատարելը և ոչ թե արդեն տեղի ունեցածին քրեաիրավական գնահատական տալը։