ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայաստանի քաղաքացիություն ստացած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մուրադ Գասիևը փայլուն հաղթանակ տոնեց Երևանում։
Հայաստանում առաջին անգամ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի ընթացքում տեղի ունեցավ 5 մենամարտ։
Երեկոյի ամենագլխավոր մենամարտում Հայաստանի քաղաքացիություն ստացած ռուսաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մուրադ Գասիևը մրցեց ամերիկացի Մայքլ Բալոգունի հետ։
Գասիև–Բալոգուն մենամարտում խաղարկվեց WBA ինտերկոնտինենտալ աշխարհի չեմպիոնի գոտին։ Մենամարտը նախատեսված էր անցկացնել 10 ռաունդով։
Բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում Մուրատ Գասիևն ու Մայքլ Բալոգունն ամբողջ առաջին ռաունդում «հետախուզում» էին միմյանց։ Ինչպես ցույց տվեց Գասիևի երկրորդ փուլը, նա «հետախույզի» իր գործը գերազանց էր կատարել առաջին ռաունդում. Գասիևի ուղիղ աջ ձեռքի հարվածը տապալեց ամերիկացուն, ով չկարողացավ ոտքի կանգնել ռինգի մրցավարի հաշվելուց հետո:
Գասիևը տարավ կարիերայի 30-րդ հաղթանակը, Իսկ Բալոգունը առաջին պարտությունը կրեց։
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի օրվա գլխավոր իրադարձությանը` Գասիև–Բալոգուն մենամարտին, նախորդել էին նախապատրաստական մենամարտեր։ Հայրիկ Նազարյանը ցուցահանդեսային մենամարտում 66,7 կգ քաշային կարգում տեխնիկական նոկաուտով հաղթել էր Ղուկաս Ղուկասյանին։
Իսկ մինչև 90,7 կգ քաշային կարգում ուզբեկ Ռավշանբեկ Ջաբարովը հանդիպել է ռուս Անդրեյ Ստոցկու հետ։ Ռուս բռնցքամարտիկը երկրորդ ռաունդում հաղթել է տեխնիկական նոկաուտով։