ԱՄՆ դեսպանը խոստանում է ամեն ինչ անել հայ–ադրբեջանական հակամարտության լուծման համար

Տեսանյութում դեսպանը խոսել է նաև հայ-ամերիկյան հարաբերություններն ամրապնդելու, Հայաստանի պայծառ ու բարեկեցիկ ապագայի կերտմանը նպաստելու իր պատրաստակամության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայաստանն արժանի է ապրելու խաղաղ ու անվտանգ պայմաններում և հետամուտ լինելու իր ընտրած քաղաքական ու տնտեսական ուղեգծին։ Այս մաիսն իր տեսաուղերձում ասել է ՀՀ-ում ԱՄՆ 10-րդ դեսպան Քրիստինա Քվինը։
«Գիտեմ, որ վերջին տարիները մարտահրավերներով լի են եղել, արդեն առիթ եմ ունեցել անձամբ լսել Հայաստանում գտնվող տեղահանված անձանցից իրենց դժվարությունների մասին։ Խոստանում եմ անել հնարավորը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության տևական լուծման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար»,–ասել է դեսպանը։
Տեսանյութում դեսպանը խոսել է նաև հայ-ամերիկյան հարաբերություններն ամրապնդելու, Հայաստանի պայծառ ու բարեկեցիկ ապագայի կերտմանը նպաստելու իր պատրաստակամության մասին։
«Հայ-ամերիկյան հարաբերություններն ամուր են ու կուռ, և ես ջանք ու եռանդ չեմ խնայի ամրապնդելու մեր կապերը և օգնելու Հայաստանին կերտել պայծառ ու բարեկեցիկ ապագա»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։
Քրիստինա Քվինը նաև իր հիացմունքն է արտահայտել հայ ժողովրդի տոկունության վերաբերյալ և ցանկանություն հայտնել ամբողջովին բացահայտել Հայաստանն ու ճանաչել հայ մարդուն։
Հիշեցնենք` 2019 թվականից ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը Լին Թրեյսին էր (նա այժմ ՌԴ–ում ԱՄՆ դեսպանն է), 2023 թվականից նրան այդ պաշտոնում փոխարինում է Քրիստինա Քվինը։