Հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները 2-րդ հանդիպմանը

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները
Արցախի ԱԽ-ն հայտնում է, որ մարտի մեկին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ 4 հարց է քննարկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Արցախի անվտանգության խորհրդում ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է ադրբեջանական կողմի հետ քննարկել հրատապ հումանիտար հարցեր։ Խմբի ղեկավարն է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Անվտանգության խորհուրդը։
Հայտնել էինք, որ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մարտի 1-ին, ժամը 11։00-ին, խաղաղապահ զորախմբի շտաբում՝ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ, անց է կացվել արցախյան և ադրբեջանական կողմերի հանդիպում։ Ադրբեջանական կողմից հանդիպմանը մասնակցել է ձևավորված համանման աշխատանքային խումբը՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովի գլխավորությամբ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպում էր կայացել նաև փետրվարի 24-ին։
Միաժամանակ նշվում է, որ մարտի մեկին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ 4 հարց է քննարկվել։

«Քննարկվել է Արցախ բնական գազի մատակարարման անխափանության ապահովումը և հետագա գազանջատումների բացառումը։ Քննարկվել է նաև Արցախի էլեկտրամատակարարման վերականգնման նպատակով ՀՀ-ից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի՝ Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողության ներքո գտնվող հատվածի զննման և «Արցախէներգո»-ի մասնագետների կողմից վերականգնողական աշխատանքների իրականացման հնարավորության ապահովումը։ Քննարկվել են Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի տարածքում ադրբեջանական մասնագիտական խմբի կողմից մեկանգամյա տեսողական շրջայցի կազմակերպման, ինչպես նաև Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ամբողջական բացման հարցերը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ բացման խոսքում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Վոլկովը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է որպես Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմեր։
«Հանդիպման սկզբում ադրբեջանական խմբի ղեկավարը փորձել է զրույցը տանել Ադրբեջանին Արցախի ինտեգրման անհրաժեշտության ուղղությամբ՝ ներկայացնելով այդ դեպքում հնարավոր սոցիալ-տնտեսական առավելությունների ստացման հեռանկարներ, սակայն դրան արցախյան խմբի ղեկավարը հակազդել է՝ հորդորելով քննարկում իրականացնել հստակ առաջադրված հարցերով։ Վերջինս ընդգծել է նաև, որ հումանիտար ու ենթակառուցվածքային հրատապ հարցերով այդ շփումները չեն կարող անդրադառնալ հակամարտության համապարփակ կարգավորման հիմնական հարցերին, և դրա համար անհրաժեշտ է ձևավորել միջազգային լայն աջակցությամբ ձևաչափ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ օրակարգային բոլոր հարցերի քննարկման արդյունքներով ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք ադրբեջանական կողմը պարտավորվել է զեկուցել վերադաս մարմիններին և առաջիկա օրերի ընթացքում, խաղաղապահ զորախմբի միջոցով, արդյունքների մասին տեղեկացնել արցախյան կողմին։ Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել նաև կողմերի միջև հետադարձ կապի կայուն մեխանիզմի ձևավորման պայմանավորվածություն։
Արցախի ԱԽ-ն նշում է՝ հանդիպմանը կողմերը պայմանավորվել էին առայժմ հանրայնացնել միայն ընդհանուր գծերով տեղեկատվություն՝ այն նկատառմամբ, որ գործընթացը դեռևս գտնվում է աշխատանքային փուլում։ Սակայն հանդիպումից կարճ ժամանակ անց ադրբեջանական խմբի ղեկավարը իր երկրի տեղեկատվական հարթակներում հանդես է եկել հարցազրույցներով, որոնցում ապատեղեկատվություն է տարածել՝ ասելով, թե հանդիպմանը քննարկվել են «Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակչության՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու հարցեր»։
Բացի այդ, նշվում է, որ ադրբեջանական հաջորդ ապատեղեկատվությունը, որի համաձայն կողմերի պաշտոնական ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը իբր «կարող է տեղի ունենալ Գյանջայում կամ Աղդամում», ընդ որում՝ առանց ՌԴ խաղաղապահ զորակազմի մասնակցության, նույնպես չի համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։