ՔՊ–ական պատգամավորը և կարտոֆիլ վաճառողը քաշքշել են իրար. նախաձեռնվել է քրեական վարույթ

Հովիկ Աղազարյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը տուժող է ճանաչվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՔԿ մամուլի ծառայությունից։
Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը և Արաբկիր վարչական շրջանի Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող մի քաղաքացի քաշքշել են միմյանց, ինչից հետո նրանց կանչել են ոստիկանություն՝ բացատրություն տալու:
«Պատգամավորից հաղորդում է ստացվել միջադեպի վերաբերյալ, պատգամավորը ճանաչվել է տուժող, մեկ անձ ձերբակալվել է»,– հայտնեցին ՔԿ մամուլի ծառայությունից։
Քրեական վարույթը նախաձեռնվել է քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` խուլիգանության համար։
Դեպքի ամբողջական հանգամանքները կպարզվեն քննությամբ։