Պիկն անցել է․ պարենի համաշխարհային ինդեքսը նվազում է արդեն 11 ամիս շարունակ

Սննդամթերք
Նախորդ տարվա փետրվարի համեմատ մսի, կաթնամթերքի և հատկապես բուսական յուղի գները նվազել են, իսկ հացահատիկի և շաքարի գները՝ աճել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) համաշխարհային գների ինդեքսը փետրվարին 11-րդ ամիսն անընդմեջ նվազել է՝ կազմելով 129,8: Հունվարի համեմատ (130,6) սա նվազում է, թեև՝ աննշան։
Նախորդ տարվա փետրվարի համեմատ մսի, կաթնամթերքի և հատկապես բուսական յուղի գները նվազել են, իսկ հացահատիկի և շաքարի գները՝ աճել։
Հացահատիկը դեռ ավելի թանկ է (1,4%-ով), քան մեկ տարի առաջ: Անցյալ տարվա գարնանը Ուկրաինայում հակամարտության մեկնարկի հետ կապված կտրուկ բարձրացումից հետո գներն աստիճանաբար վերադարձան նախկին մակարդակին։ Փետրվարին ցորենը մի փոքր թանկացել է՝ ԱՄՆ-ում ապագա բերքի հետ կապված անորոշ սպասումների պատճառով։ Բրնձի գները նվազել են այն բանից հետո, երբ ասիական արժույթները (հատկապես թաիլանդական բատը) ԱՄՆ դոլարի նկատմամբ էժանացել են (ինչը նշանակում է, որ դոլարային արտահայտմամբ թայլանդական բրինձն ավելի էժան է դարձել)։
Մեկ տարվա ընթացքում բուսական յուղի գները մեկ երրորդով նվազել են և գտնվում են վերջին երկու տարվա ամենացածր մակարդակին: Սա գլխավոր գործոնն է, որի հաշվին նվազում Է FAO-ի ընդհանուր ինդեքսը։ Էժանացել են բուսական յուղի բոլոր հիմնական տեսակները (արմավենու, սոյայի, արևածաղկի, հլածուկի)։ Շուկայում արևածաղկի ձեթի առաջարկը շարունակում է բարձր մնալ, այդ թվում՝ Ռուսաստանում, Արգենտինայում և ԱՄՆ-ում արտադրության բարձր ծավալների հաշվին։
Կաթնամթերքի գները տարվա ընթացքում նվազել են մոտ 7%-ով: Աշխարհում կարագի և կաթի փոշու պահանջարկն ընդհանուր առմամբ նախկինից ցածր է մնում, իսկ դրանց առաջարկն աճում է Արևմտյան Եվրոպայի ֆերմերային տնտեսություններում կաթնատվության աճի շնորհիվ:
Մսի գները մոտավորապես նույն մակարդակի վրա են, ինչ նախորդ տարի (1,4%-ով ցածր), հիմնականում հավի մսի արտադրության աճի հաշվին, չնայած թռչնագրիպի տեղական նշանակության բռնկումներին։ Խոզի մսի գներն աճել են Եվրոպայում մատակարարման նվազման պատճառով, իսկ տավարի միսը մոտավորապես նույն գնին է մնացել։
Շաքարավազի գները մեկ տարում աճել են 13%-ով՝ հասնելով վերջին 6 տարվա ամենաբարձր մակարդակին։ Մասնավորապես, վերջին ամսվա ընթացքում գներն աճել են 7%-ով, հիմնականում Հնդկաստանում (աշխարհում երկրորդ շաքար արտադրող երկիրը) եղեգի ցածր բերքատվության կանխատեսման պատճառով:
Հյուրանոցների գները շարունակում են աճել. սննդամթերքը թանկացել է 0.3%–ով
Գների աճը զսպվում է Թաիլանդում լավ բերքի ակնկալիքներով և Բրազիլիայի հարավ-արևելքում (շաքարի արտադրության հիմնական շրջաններում) առատ տեղումներով: Սա կարևոր է, քանի որ Բրազիլիան աշխարհի խոշորագույն շաքար արտադրողն է։ Գները զսպվում են նաև նավթի համաշխարհային գների նվազման պատճառով, ինչը պակաս շահավետ է դարձնում էթանոլի (բիովառելիք) և շաքարեղեգի արտադրությունը (Բրազիլիայում լայնորեն տարածված պրակտիկա է): Դրա շնորհիվ շաքարեղեգի լրացուցիչ ծավալներ են հատկացվում շաքարի պատրաստմանը։