Միրզոյան-Լավրով հանդիպման ժամանակ ընդգծվել է Լաչինի ապաշրջափակման անհրաժեշտությունը

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման թեմային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հարցը։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ ԱԳՆ–ի կայքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նյու Դելում գտնվող Միրզոյանը հանդիպել է Լավրովի հետ։
«Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և էլեկտրաէներգիայի խափանման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Ընդգծվել է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման և Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ խստորեն հետևելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ԼՂ հիմնախնդրի շուրջ հարցերի:
Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Արարատ Միրզոյանը մարտի 3-4-ը աշխատանքային այցով կլինի Հնդկաստանում:
Միրզոյանը մասնակցելու է Հնդկաստանի աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության թեմաներով առաջատար համաժողովին՝ «Ռաիսինա երկխոսությանը»։
ՀՀ արտգործնախարարը համաժողովի շրջանակներում որպես բանախոս կմասնակցի նաև պանելային քննարկման, ինչպես նաև հանդիպումներ կունենա գործընկերների հետ։