Միրզոյան-Բորել հանդիպմանն ընդգծվել է առանց նախապայմանի Լաչինն ապաշրջափակելու հրամայականը

Արարատ Միրզոյանն ու Ժոզեպ Բորելը
Միրզոյանն ու Բորելը կարևորել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայումը, որը փետրվարի 20-ից պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Նյու-Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Տեղեկությունը հայտնում ՀՀ ԱԳ նախարարությունը։
«Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին՝ Միրզոյանն ընդգծել է առանց նախապայմանների Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հրամայականը՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Այս համատեքստում կարևորվել է միջազգային հանրության գործուն ներգրավվածությունը, որպեսզի Ադրբեջանը կյանքի կոչի Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ որոշումը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Արարատ Միրզոյանն ու Ժոզեպ Բորելը
Նշվում է նաև, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայումը, որը փետրվարի 20-ից պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր՝ Արարատ Միրզոյանը մարտի 3-4-ը աշխատանքային այցով մեկնում է Հնդկաստան: Միրզոյանը մասնակցելու է Հնդկաստանի աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության թեմաներով առաջատար համաժողովին՝ «Ռաիսինա երկխոսությանը»։ ՀՀ արտգործնախարարը համաժողովի շրջանակներում որպես բանախոս կմասնակցի պանելային քննարկման, ինչպես նաև հանդիպումներ կունենա գործընկերների հետ։