ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ մարզերի մարզպետները, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը քննարկել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի վերաբերյալ կազմակերպչական հարցերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։
Գնել Սանոսյանը կարևորել է խաղերը մայրաքաղաքից զատ՝ մարզերում կազմակերպելու անհրաժեշտությունը, ինչն էականորեն կաշխուժացնի մարզային կյանքը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է մարզաձևերը տարբեր մարզերում անցկացնելու, վայրի ընտրության և այդ մարզերում համապատասխան ենթակառուցվածքները զարգացնելու և համահայկական խաղերից առաջ դրանք պատշաճ տեսքի բերելու անհրաժեշտությունը։
Քննարկման ընթացքում մարզպետներն ու նախարարը խոսել են նաև համայնքապետարանների աշխատակազմերի հաստիքացուցակներին առնչվող ու համայնքապետարանների աշխատակիցների և համայնքապետարանների ենթակա կազմակերպությունների աշխատակիցների ամենամյա չօգտագործված արձակուրդների վերաբերյալ հարցեր։
Նախարարը հանձնարարել է ուշադրություն դարձնել, որպեսզի հաստիքացուցակներում չլինեն տարբերակված մոտեցումներ, ինչպես նաև հետևողական լինեն, որպեսզի աշխատողները պարտադիր օգտվեն իրենց ամենամյա արձակուրդից, որպեսզի այն չկուտակվի։
Նախարարը մարզպետներին հանձնարարել է կատարողականի հիման վրա կառավարության տրամադրած գումարները չկուտակել մարզպետարանում և արագ, սահմանված գրաֆիկով իրականացնել շինարարների վճարումները։