Լաչինի արգելափակումը Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի նախապատրաստում է. Փաշինյան

Նիկոլ Փաշինյնաը Բեռլինում
ՀՀ վարչապետը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի քայլերը Լեռնային Ղարաբաղում, գուցե նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով էսկալացիայի սկիզբն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Լաչինի միջանցքի արգելափակումը, այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» նախաձեռնությունը, Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի նախապատրաստում է։ Այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բունդեսթագում իր ելույթի ժամանակ, հայտնում են կառավարությունից։
Նա հիշեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Պրահայում համաձայնության են եկել , որ երկու երկրների միջև սահմանի դելիմիտացիայի գործընթացը հիմնված լինի Ալմա Աթայի համաձայնության վրա։
Դրանից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ դելիմիտացիան պետք է հիմնված լինի պատմական քարտեզների վրա։
«Գիտեք, շատ դժվար է բացատրել, թե ինչ է դա նշանակում։ Գուցե Ադրբեջանի նախագահի նոր նախաձեռնությունը կարող է հստակեցնե՞լ այս իրավիճակը, որովհետև վերջերս մենք ականատես եղանք այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» նախաձեռնության ներկայացմանը, և այդ նախաձեռնության ամբողջ միտքը նրանում է, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը պատկանում է Ադրբեջանին, և Հայաստանի մայրաքաղաքն ադրբեջանական քաղաք է»,– նշել է Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի քայլերը Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի սկիզբն են` գուցե նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։